Сообщения Գառնիկ Սարգսյան
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

1 апр. 2011 г.

Վեր բացվող գունավոր պատուհանից

Ֆրեդերիկ Շոպենը խոսում է հետս նոկտյուրներեն.
ես հրճվում եմ ինքս ինձնից թաքուն պահած սեփական գաղտնիքներով:

Չեսլավ Միլոշն ու Ադամ Միցկևիչը
իմ սիրած անձրևի տակ նկարում են հափշտակվածությունս.
կրկնվում է վեհ բաների կարոտ անհոգ ժպիտս:

22 мар. 2011 г.

Անգիր

Այնքան ուժգին է
բանաստեղծությունը բռնկվում.
փորձում եմ արտաբերել`
արտասանվում է հնչյունախումբ:

Սևեռուն զրույց, որը չի կայանալու

-Դու տեսե՞լ ես արդյոք բարձրահասակ պոետ,-
անմնացորդ բարությամբ ու գրեթե անժպիտ հարցրեց նա:
-Ե՞ս,- անակնկալի եկավ զրուցակիցը
և այդպես էլ ոչինչ չպատասխանեց…

Անարժեք մտահոգություն

(letter to letter writer)

Լավ կլիներ
քո մասին լավը խոսողների խոսքերի փոխարեն
գրքումդ մի քանի կարգին տող գտնվեր…
Ավելի լավ կլիներ, որովհետև
հիասթափությունը կլիներ քիչ…

13 мар. 2011 г.

Արևեղբորս

Ապուպապիս հետ մի օր
դու ճամփա ես բռնել Մակու քաղաքից...
Դու հասել ես արևներին` ձգտման ու պայքարի,
իսկ ապուպապս ինձ է հասել...


(Մարմինս ու հոգիս փշափաղվում են անունդ տալիս,
ես քեզ թաքուն եմ կարդում, որ արցունքներս ոչ ոք չտեսնեն...)


Իմ վիթխարի ձգտման
դու տիտանեղ պոետ,
դու հանճարի արբունք,
դու հանճարի շքերթ,
իմ բոցեղեն եղբայր...
...
Ծնունդդ շնորհավոր, Չարե'նց:

14 окт. 2010 г.

Ակամա և անմեղ նկատառում

Ցմփոր ու թմբլիկ տերտերը
(ով Աստծո սպասավորն է ու նրա ծառան)
ում մատներին ու կրծքին շողշողում են ադամանդազարդ ոսկեղեն իրեր
(անկեղծ եմ ասում.
չեմ տեսել ոչ ոքի,
որ այդքան թանկարժեք զարդեղեն կրի),
քարոզում է,
որ ամենամեծ հարստությունը երկնքում է…

18 июн. 2010 г.

ՀԻՄԱ ԱՐՄԱՏ ԵՄ

(սաղարթագիր)

Ես նախկին կյանքում
էպոս եմ եղել.
չեմ եղել ուրեմն,
ուրեմն չկամ…
… ու չեմ պատմվել
ես ոչ մի անգամ
ոչ մի սերնդի ավանդույթներում.
չեն հիշում ուրեմն,
ուրեմն չկամ…

……………………………………
……………………………………
……………………………………
……………………………………

… հաջորդ իմ կյանքում
ես գութ կլինեմ չարերի սրտում.
ուրեմն չեմ լինի,
բայց ինձ կհուսան…

14 мая 2010 г.

Պատմիչի թաքնված պատգամը

(Ծաղրագիր)

Ոչ թե տաղանդիվ,
Այլ հենց PRիվ...

7 апр. 2010 г.

Հեքիաթ մատներիս ճտճտոցներից կամ զգացումների համար անթարգմանելի պոեզիա, որը իրականում բոլորովին էլ պոեզիա չի ու ոչ էլ հեքիաթ ու ոչ էլ անիրական...

(«Լուրջ-լուրջ կատակներ» շարքից )

Ամեն անգամ
«Մեղավոր զգալու» դասաժամին
Ինքնատիրապետումը անբավարար է ստանում,
որովհետև միշտ
նա պատրաստվում է
«Երջանկության բանալին» հարցաշարին։
Հավասարակշռությունն ու հատկապես Անտարբերությունը
միշտ ծաղրում են Ինքնատիրապետմանը,
ու միայն Ցինիզմն է կարեկցում։
Բայց «Բարեհամբույր գտնվելու» շատ բարձրահասակ ուսուցչուհին
առանց որևէ լրացուցիչ վարձավճարի
բոլորին հրավիրում է կրկնելու
«Կյանքի իմաստը» առարկայի լաբորատոր հաշվարկները,
որտեղ գունավոր լույսերի համադրումով
սփրթնագույնը փոխարինվում է շիկնանքագույնի։

Ամեն անգամ
դասերից հետո
Ինքնատիրապետումն ու Հավատը
ետքայլերով անվրդով զբոսնում են
«Գալիք սիրահարների» այգում
ու կիսակրքոտ զրույցով,
«Բարեգթության կանոնները» թեմայի վերջաբանը երգելով,
խանգարում են հատկապես
առավոտները ծաղկող յասամանների
նորածին պահակներին։

Ամեն երեկո,
երբ ոչինչ նրան չի լացացնում ծիծաղելու աստիճան
և ոչինչ չի ծիծաղեցնում լացելու աստիճան,
Ինքնատիրապետումը Անհիշաչարությանը նամակ է գրում
իր՝ «Հետաքրքրությունից ճաքող սրտեր» վերնագրով
դիպլոմային աշխատանքի նախաբանից մեջբերումներով։
Գրում է, ծրարում սեփական մաշկով
և ուղարկում առանց հետհասցեի...

Առավոտյան բոլորը մի մարդու նման
արթնանում են նույն երազում,
նախաճաշում են
սպիտակ տառերով սև թղթին գրված
խաղաղության մասին
անավարտ երեք բանաստեղծություն,
խմում են եռման աստիճանից երեք անգամ տաք
երեք բաժակ չնաշխարհից բերված ծաղկաբույսերով թեյ
ու գնում բոլորովին մեկ ուրիշ
ուսումնական հաստատություն՝
ուսմունքներ ուսումնասիրելու...

1 мар. 2010 г.

Գարնանային կարճ մտորում

Գարունը գոյանում է
դեռ չխոստովանված սիրո,
դեռ խոսել չսովորած մանկան աչքերի,
դեռ չապրված ներշնչանքի,
դեռ չհորինված բառերի,
դեռ ծաղիկ չջրած առվակի,
դեռ չհոտոտված ծաղկաբույրի,
դեռ չկաթիլավորված անձրևի,
դեռ նոր լինելուց չթերթված գրքի էջերի
և այլ դուրեկան նախածնումների
հասունությունից…

Ու քիչ-քիչ,
քիչ-քիչ
ամրապնդում է իր իշխանությունը
շնչավոր և անշունչ գոյացությունների
տրամադրության վրա…

26 февр. 2010 г.

Հավատա ինձ, հետո եթե ժամանակ ունենաս կարող ես չհամաձայնվել

(Պատկերացնո՞ւմ ես, թե ի՞նչ կլիներ,
եթե չլիներ պատկերացումը...)


... Եվ հիմա
էլ ոչ մի բանաստեղծություն
չի կարող ինձ պատմել աշխարհին՝
աշխարհում գտնելով միայն քե'զ...

... Խնդրում եմ,
այս անգամ մի՛ սրբիր արցունքներս,
նրանք երկար են մագլցել
հոգուցս մինչև աչքերս...

... Պարզապես գրկիր ինձ,
խնդրո՜ւմ եմ.
ծնունդով՝ լիարժեք երազող,
երազիս անկյունում ծվարած,
դողում եմ ես հիմա...

23 февр. 2010 г.

Գեղարվեստական մարդաբանություն

Եթե հիմա ինձ մտովի փորձես գրկել,
ես կձուլվեմ կրծքով գլխիդ,
և կդառնանք շատ հազվագյուտ
սիամական երկվորյակներ...

22 февр. 2010 г.

Վերնագիրը՝ բազմակետ

«Ամենալավ երգը լռությունն է...»
Ռ. Հախվերդյան


Երբ խոսքերը սկսում են լքել պոեզիան,
ես դուրս եմ վազում բառախցերից,
և ամեն ինչ,
այդ թվում նաև երևույթները,
թվում է՝ ստվերներն են ժամանակի...

Ես շոշափում եմ
պոեզիայի կամակորությունը
լեզվիս վրա,
ու նա՝ մերկացած բառերից,
շնչավոր հայացք է դառնում ամենուր...

Ի՜նչ շոգ է արդեն. այսքա՛ն պոեզիա՞...

18 февр. 2010 г.

Որոշել էի չասել

Իմ բանարարումը երկնաքար է։
Քչերը գիտեն գոյության մասին,
բայց երբ հայտնվում է՝
ավերում է՝
և՛ լավ, և՛ վատ իմաստներով...

Անընդունելի վարկած, որը գրեցի ինչ-որ պահի ինքս ինձ տեսնելուց

(Նվիրում եմ ոչ ոքի կամ քչերին, ովքեր կհավատան...)

Քո շուրջը որքան լուսավոր է,
դու այնքան քիչ բան ես նկատում...

Դու կծկվում ես՝
այս տապին մրսելուց,
և քեզ զայրացնում է ժամանակը
լպստելով։

Դու քրտնում ես՝
շոգելով այս ցրտին,
քրտնում ես ինքդ քո մտքերից,
և քեզ չի հերիքում օդը՝ անշարժացած,
որովհետև քո իսկ ձգողականությունից
օդը անշարժացել է վրադ։

Դու քարանում ես զարմանալուց հոգնած,
և ձեռքերիդ անսպառ ուժը դառնում է ծանրություն քո ձեռքերին
և հասկանում ես՝
որքան մութանում է շուրջդ՝
դու սկսում ես ավելին հասկանալ...

17 февр. 2010 г.

Բանաստեղծություն բանաստեղծելուս մասին

(Իմ գրվածքները բանարարումներ են,
իսկ ես՝ բանարար
...)

Ես անընդհատ ուզում եմ բանաստեղծություններ գրել,
թեկուզ՝ ազդված ուրիշներից,
անգամ նրանցից, որոնց պոեզիան չեմ ընդունում,
թեկուզ՝ բարկացած,
թեկուզ՝ խեղճացած,
թեկուզ՝ անսեր
և թեկուզ՝ և այլն...
Բանաստեղծութունը և բանաստեղծություն գրելը
շատ գեղեցիկ բան է,
թերևս՝ աշխարհի ամենագեղեցիկ բանը,
թերևս՝ ամենաանկեղծը,
թերևս՝ ամենատաքը,
և էլի՝ և այլն...
Ես անընդհատ ուզում եմ բանաստեղծել,
չնայած՝ լինում է, որ չեմ կարողանում,
չնայած՝ հաճախ ալարում եմ,
չնայած՝ պատահում է, որ գրածս թույլ եմ համարում
և արդեն ասված,
և էլի այլն...
Բայց պատահում է նաև, երբ կարդում եմ
իմ գրած բանաստեղծությունները
լինում է՝ ծիծաղում եմ,
լինում է՝ հոնգուր-հոնգուր լացում եմ,
լինում է՝ պատռում եմ,
և այլն, և այլն...
Գրածներս լինում են տարբեր.
նույնիսկ՝ անիմաստ,
կամ ավելի շուտ՝ միայն ինձ հասկանալի,
նույնիսկ՝ մի տողում հազար իմաստով,
նույնիսկ՝ հանգով,
նույնիսկ՝ ցաք ու ցրիվ,
նույնիսկ ևալյններ...
Ես բանաստեղծություններ եմ գրում
մտքումս,
թղթին,
բանավոր,
լուռ,
կամ ահա այսպես...
Ես բանաստեղծություններումս կարևորում եմ
հաճախ՝ վերնագիրը,
հաճախ՝ սեղմութունը,
հաճախ՝ չասվածը,
հաճախ՝ զգացումների հաճախականությունը,
հաճախ՝ բուն իմաստից շեղված այլևայլությունները...
Իմ գրած բանաստեղծությունները հիմնականում
սևագրեր են, որոնք երբեք չեմ մշակում,
մի շնչով արված գրառումներ են,
ու այն են՝ ինչ ես եմ ուզում գրել...
Ես անընդհատ ուզում եմ բանաստեղծություններ գրել,
հետո՝ էլի գրել ուրիշ բանաստեղծութուններ...

16 февр. 2010 г.

ՄՈՒՍԱՅԻՍ

(հատված «Հանգավոր խառնաշփոթ» սյունակից)

Քեզնով որքա՜ն մութ եմ սրբել,
դու դեռ լույս ես մնացել,
որքա՜ն մեղք եմ վրադ բարդել,
դեռ կողքիս ես մնացել։

Հարբել ենք մենք միասին,
կյանքից, սիրուց, արևից,
բայց իմ վհատ պահերին
դու միշտ սթափ ես մնացել։

Քեզ հետ որքա՜ն հոգս եմ քաշել,
դեռ աշխույժ ես մնացել,
որքա՜ն սառն եմ հետդ վարվել,
էլի տաք ես մնացել։

Չարչրկել ենք մենք միասին
որքա՜ն անքուն գիշերներ,
բաց ինձ համար դու դեռ ասես
դարձյալ կույս ես մնացել։

15 февр. 2010 г.

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

(ընտրված են միայն անհասկանալի հատվածները)

... և գրկելս անխուսափ էր
ու ժպտալս՝ համպատրաստի...

... և գրկելդ անպատրաստ էր
ու ժպիտդ՝ հանկարծակի...

... անթևանցուկ քիչ քայլեցինք
և շուտ հասանք նոր գրկումի...

... ես քեզ՝ Բարև
դու ինձ՝ Արև
և ամենը ամփոփված էր...

... անխուսափ ու արտասովոր
երկու ժպիտ անհամառոտ
և նույն բախտով ամփոփագիր
մեկը մյուսով երկարեցին...

... երկու ժպիտ՝ իրար կարոտ,
և նույն բախտով ծիծաղագիր...

... համպատրաստի,
հանկարծակի,
արտասովոր
և պարտադիր...

11 февр. 2010 г.

ԱՆԱՌԻԹ

(հատված «Հանգավոր խառնաշփոթ» սյունակից)

Թիթեռաճախր են տալիս արցունքներս
բախտիս կատարներին հեռագնա...

«Կյանքը ուլունքաշար է առավոտների՝
փայլուն որպես մայրամուտից եփված շիլա
ու հնացած ոսկեդրամ՝
կույս աղջկա պայուսակում պառավ տատի։

Կյանքը նորածնի ձայնից մանված
անիրական երգ է պարապ հոգեվարքի
և հարբածին չհերիքող
վերջին բերքն է դատարկ շշի։

Կյանքը կյանքի մասին ժամանակ է՝
գիտնականի բլոկնոտում գրված
ու սիրահար մի պատանու կոչական է
անունից զատ իր սիրածին դիմելու համար...»։

... Արծվալող են տալիս ժպիտներս
բախտիս երկինքներում անվերնագիր...

3 февр. 2010 г.

Բարձրաձայն հետևություն

Փոքր ժամանակ
մտքումս հեքիաթներ էի հորինում
ու թողնում կիսատ...

Հիմա իմ գրածները
այդ հեքիաթների ամփոփումների
հեռագրերն են ։

Կտրված ներքին ձայն

Ուզում եմ ամեն պահ
որսալ իմ այն տրամադրությունը,
երբ ներող ու բարի միայն ժպտում եմ՝
գոհ եմ ու անչար։
Եվ լռում եմ...

27 янв. 2010 г.

Համադաս խոհեր իմ օրինակով

* * *

Ես զգայուն մարդ եմ։
Եվ այնպես է դասավորվել,
որ ամենից շատ ես զգում եմ ինձ...
Բայց պահեր են լինում,
որ ինձ էլ չեմ զգում.
ուրեմն չեմ զգում ոչինչ։

* * *

Իմ հոգին
ոչ թե իմ մեջ է,
ինչպես ասում են՝ որովայնի մոտ,
այլ ես եմ նրա որովայնի մեջ.
նա զկռտում է,
ես եմ ցնցվում...
...և մեծանում է տարողությունը,
որտեղ լողում են երազանքներս...

* * *

Իմ բախտը երբեմն բերում է։
Եվ բերում է հիմնականում երկնքից։
Հիմնականում երազանքներ է բերում,
որոնք ճանապարհում եմ երջանկության հետ։

* * *

Իմ երջանկությունը բուդիստ է՝
մեդիտացիայի դիրքով.
նա իմն է լիարժեք,
բայց միշտ կենտրոնացած է իր վրա։

* * *

Ամեն օր կյանքը ականջիս
ճիշտ ապրելու դասեր է քչփչում,
և ես ամեն օր դասը չեմ սովորում
ու գնում եմ ապրելու...

Երբ երկնքում մեջքալող եմ տալիս

Եթե արտասվում եմ,
արցունքիս կաթիլը
աչքիցս միանգամից ցած է ընկնում՝
առանց այտովս հոսելու...

Եթե ծիծաղում եմ,
արցունքիս կաթիլը
ձայնիցս չորանում է՝
առանց այտովս հոսելու...

Եթե լռում եմ՝
պատմում եմ
կամ լացիս,
կամ ծիծաղիս մասին՝
առանց այտ-արցունք շարադասութան...

13 янв. 2010 г.

Evolutia

Ինչ-որ հաշվարկով
յուրաքանչյուր օր նոր տարվա սկիզբ է...

Այս տարի սպասվում են
բազմաթիվ երազանքներ՝
իրենց իրագործման բազմաթիվ եղանակներով։
Սպասվում է նաև կլիմայական փոփոխություններ՝
Իբր արևը ծագելու է ավելի շատ,
քան մնացած ժամանակներում,
և մթնոլորտային տեղումները
լինելու են սովորականից սպասված։

Բոլոր մինչև վերջ անհաշվելի հաշվարկները
ցույց են տվել,
որ մարդիկ այս տարի ամեն ինչից շատ
մարդկայնության կարիք են զգում,
և այդ պահանջարկը հարուցել է
բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ,
որոնք դուք ինքներդ կարող եք ձևակերպել...

Հատուկ հաշվարկներ
և նկատառումներ պետք չեն,
որ խոստովանենք մեր սերը նրանց՝
ում սիրում ենք...

Յուրաքանչյուր օր
նաև ամփոփումն է
ինչ-որ հաշվարկով արված
տարվա ավարտի...

11 янв. 2010 г.

Դեպի վեր, թե՞ ցած

Սենյակիս առաստաղին
մի կտոր պոեզիա աննկատ նայում է ինձ։
Ես նրա հետ հուզվում,
նրա հետ ծիծաղում
ու ժպտում եմ...

Շնորհավորանք կամ ժառանգական ցանկություն

Շնորհավորում եմ
բոլորի Նոր Տարին
ու շնորհավորանքս սկսում եմ
տատիս աղոթքի հիմնական տողերով.
«Թող մարդկանց բոլոր բարի ցանկությունները կատարվեն,
հիվանդներն առողջանան,
սովածները կշտանան,
ծարավածները հագենան,
անտունները տնավորվեն,
հեռվում գտնվողները վերադառնան,
աշխատանք չունեցողները ունենան աշխատանք,
մրսածները տաքանան...»

Թող աշխարհի բոլոր մանուկները
ծնող ունենան
և թող դա հնարավոր լինի միշտ,
թող բոլոր մարդիկ ժպտան
և թող դրա համար հիմնավոր պատճառներ լինեն այսուհետ,
թող խաղաղություն լինի անընդհատ
և թող դա սովորական բան դառնա աշխարհում,
թող սեր լինի...
ու էլի տատիս աղոթքի
իմ ցիտած տողերը
դառնան ամենքի ցանկությունը...

Ամանորյա անթարթ կադր

Պատկերացրեք,
որ դուք կանգնած եք
մի հսկա ու իսկական եղևնու առաջ։
Պատկերացրեք գոնե մեկ իսկական Ձմեռ Պապիկ,
ով հսկա սահնակով երկնքում սահում է:
Պատկերացրեք, որ սահնակի հետագծով
կենդանացած տիկնիկների պարող շարք է ձգված։
Պատկերացրեք, որ Ձմեռ Պապիկի ձեռքին մի պարկ կա,
որտեղ չգիտես ոնց՝
տեղավորված են
Ձմեռ Պապիկին հավատացող
աշխարհի բոլոր երեխաների համար խաղալիքներ։
Պատկերացրեք որ ձյան փաթիլները
տեղում են այնպես գեղեցիկ,
ինչպես մուլտֆիլմերում է։

Ես էլ պատկերացնեմ,
որ դուք ժպտում եք...

29 дек. 2009 г.

Էպիգրամ գրական ամբոխին

Պատահել է, որ Ես ձեզ
ինձնից առաջ եմ տեսել
և միշտ ձգտել եմ առաջ...
Հազար փառք ձեզ,
որ ձեզ այդպես եմ տեսել.
ձգտումս պահ ել եք անավարտ...
Ոչինչ, որ խաբնվել եմ,
ոչինչ, որ թվացել է։
Մեկ անգամ էլ փառք ինձ,
որ խաբկանքն ինձնով արդարացվել է...

24 дек. 2009 г.

Ձոն անբանաստեղծական կամ ... թանաքի փոխարեն

«Անընդհատ պոեզիա՜, պոեզիա՜...
Պոեզիան երբեմն միջոց է պոեզիայից առանձնանալու...»
Անհայտ Գրող

Ես շատ եմ գրել
հույզով լի բանաստեղծություններ,
որտեղ ջանադրաբար տեղավորել եմ
գեղեցիկի, բարու մասին
իմ տարբեր պատկերացումները...

Մի անգամ քննադատն ասաց,
որ լավ չեմ գրում։
Զարմացա, զայրացա ու քֆրտեցի։
Հետո զայրույթս մի քիչ
հանձնեցի նաև թղթին...
և երբ նա էլի կարդաց
ասաց, որ հիմա իբր ավելի լավ եմ գրում...

Ավելի զարմացա
ու հիասթափված այդ հիմար ճաշակից՝
թքեցի...
չգիտեմ, թե ում կպավ,
բայց ահա էլի նա.
-Այ սա ուրիշ, հիմա հիասքանչ ես գրում...

21 нояб. 2009 г.

Հենց աշունը գալիս է, պոեզիան սկսում է հերթով թակել բոլորի գիտակցությունը

Չեմ հիշում՝
փոքր ժամանակ աշուն սիրե՞լ եմ
թե՞ ոչ,
բայց թվում է,
որ եղել է մի տարիք,
երբ աշունը պատկերացրել եմ
անձրևոտ երեկոներով,
կիսաթաց մայթերով,
անգլխարկ տղամարդկանցով,
մի ձեռքով քամուց շրջազգեստի փեշերը պաշտպանող,
իսկ մյուս ձեռքը գլխներին պահած,
որ սանրվածքը չխառնվի,
փողոցները կտրուկ կտրող կանանցով,
ապակիները նախատեսվածից ավել բարձրացրած
և անցորդներին արհամարող ավտոմեքենաներով,
չգիտես ինչու՝ կիսալույս պատուհաններով շենքերով,
երկնքից եկող աշնանային ձայնագրություններից
վախից լացը կտրած երեխաներով,
կամ մոր կրծքին ավելի կիպ կպչող երեխաներով,
իմ մաշված շալվարով
ու նոր բաճկոնով,
վաճառվող անձրևանոցների անորակության մասին փնթփնթացող
հարևաններիս բողոքներով,
մեր դռան շորի ցեխոտվածությամբ,
առանց հաց ու պանիր խմվող թեյով,
երիտասարդների սիրահարվածությունների քչացմամբ...
և այլն... այլն...
Ու թվում է,
որ այդ տարիքում ես էլի շատ բան եմ հասկացել,
որ կարողացել եմ հասկանալ,
որ աշունը կապ չունի,
ու որ մարդիկ, որ էլի ուզենան,
էլի կլինեն նույնը
ու խնամքով չեն կապի կենցաղը տրամադրության հետ...

Հիշում եմ, թե էլ ինչեր եմ պատկերացրել
չարաճճի խոհեմությամբ
ու քմծիծաղում՝
թե ինչ լավ էր,
որ շատ բաներ էլ չեմ հասկացել...

Փոքր ժամանակ աշուն սիրե՞լ եք...

16 нояб. 2009 г.

Կարճ պոեմ ոչնչի մասին

(Սա գրում եմ միմիայն ինձնից գոնե ուսունյոթ տարով մեծերի ու հարյուր տասներկու տարով փոքրերի համար)

Մտքիս ոնց որ գրելու բան կա,
բայց չեմ հասկանում ինչ...

Ուսումնասիրությունները ցույց չեն տվել, որ եթե չլիներ էս անտեր պոեզիան,
ավելի լավ կլիներ ոմանց համար...

Բայց ես շարունակում եմ մտածել
զանազան բաների մասին։
Օրինակ՝ օժանդակ բայը
է-ով կամ ա-ով գրելու տարբերութան մասին
և ուղղագրության ստեղծման,
Խաչատուր Աբովյանի այն խոսքերի մասին,
որ գրաբարը կատարյալ լեզու է,
բայց և մեռած...

Չեմ սիրում խոսել և մտածել հայրենասիրություն մասին.
հայրենիքը սիրելուց առաջ և հետո
ո՛չ դրա մասին խոսել է պետք, ո՛չ էլ մտածել...
Բայց որոշ բաներ անցնում են մտքովս,
Օրինակ՝ ինչու՞ ա
հայրենասիրությունը արտահայտվում
Արարատ սարի,
դուդուկի,
ծիրանի,
լավաշի,
խաղողի նմանությամբ պատրաստված գինու շշի,
պոպոկի մուրաբայի
ու էլի տենց բաների մեջ...
Ինչու՞ են աշխարհով մեկ սփռված հայերը
գլոբալ առումով կարոտում հայրենիքը,
բայց չեն գալիս Հայաստան,
նամանավանդ ոչ ոք չի խանգարում...
Լավ..., չեմ սիրում խոսել սենց բաներից,
դու էլ չես ուզում կարդալ սենց բաներ...

Հետո մտածում եմ կրոնի մասին...
Բայց քիչ եմ մտածում,
որովհետև այդ ժամանակ
ներսումս տուրուդմբոց ա սկսվում
ու գլխացավս բռնում ա...

Հա՜... ի՜նչ ասես չի անցնում մտքովս...
Մտածում եմ, որ
շա՜տ լավ կլինի, որ թարգեմ ծխելը,
չնայած մի ժամանակ գրել էի,
որ ծխելը, գրելը ու սիրելը չեմ կարող թողնել,
բայց հիմա մտածում եմ,
որ լավ բան չեմ արել,
որ ծխելը բերել խցկել եմ առաքինությունների կողքին.
ծխելը հանեցի, վերջ։
Ու էս մասին էսքան խոսեցի,
որ ծխելը հանեմ...

Իսկ գրելու մասին էլ ի՞նչ ասեմ,
եթե հենց էս գրելս լրիվ գրելու մասին ա։
Սիրելն էլ էլ չեմ ասում,
որովհետև գրածներիս մեծ մասը հենց դրա մասին են,
չնայած վստահ եմ, որ գրելուց սիրելս չի ավելացել,
բայց վստահ չեմ, որ չի ավելացել իմ հանդեպ սերը...

Էս անտեր պոեզիան, որ չլիներ
ի՞նչ էիր անելու, որ ինձ ճանաչեիր...

Գիտե՞ս, նոր մտքովս անցավ,
որ իմ պոեզիան առանձնապես
մեծ բան չի.
այն նման ա բառատունկի, մտքատունկի...
Բայցևայնպես բոլորդ վստահ եք,
որ առանց ծառատունկի չի լինում այգի, անտառ...

Մտքիս ոնց որ գրելու բան կար,
դրա համար էլ էսքանը գրեցի,
թե չէ սա պոեզիա չի...

Գիտե՞ս,
ես էլ եմ ուզում երբեմն ազատ խոսել,
քո նման,
առանց պոեզիայի...

... միշտ շարունակելի

Կիսաբանական և կիսահուզական ինքնաթվարկում

(Պիես բարդ գործողությամբ
մշտապես զբաղված պարապության
կամ որ նույնը չէ՝
պարապ զբաղվածության հարատևության մասին)


Անհաշտությանս
և իմ միջև
անսկիզբ ու անավարտ ձգված է
տրամադրություններիս լայն պողոտան,
որտեղով առանց երթևեկության որևէ կանոնների
սրընթաց անցնում են ամենատարբեր հիշողություններ
և որոշ՝
շոշափելու աստիճան պատկերավոր երևակայություններ...
Փողոցը գրեթե մայթեր չունի.
պարզապես քմծիծաղիս լայնությամբ
փոշոտված մի երիզ,
որտեղով ոչ ոք և ոչինչ չի անցնում,
դարձել է մայթի պես անցուղի,
որտեղ կանգնելը անվտանգ չէ,
բայց անհարմար էլ չէ...

Ես ձեռքով ծուլորեն հասկացնում եմ անհաշտությանս,
որ հանկարծ չանցնի փողոցը,
բայց մտքումս բացահայտ երազում եմ՝
ու՜ր էր թե մեռներ, պրծնեի...
Բայց նա խելացի է բավականին
և գիտի, որ ամենակուշտը սնվում է ինձնով
և չի էլ փորձի անզգույշ անցնել փողոցը...

Անհաշտությունս անհամբեր է ինձնից առավել
և չի էլ մտքով անցկացնում,
որ թողնի հեռանա ինձանից...
Եվ այսպես երկուսս շարունակ
փողոցի հակառակ կողմերում
ուշադիր զննում ենք մեկմեկուս վարմունքը՝
կորզելով առիթներ հետագա վեճերի...

Նա՝ ջլուտ, վայրենի, կամակոր,
ես՝ շտապող, անհամբեր...

Չեմ լսում էլ ոչինչ, ոչ ոքի։
Երևի ներքին ձայնս էլ աղմկի,
չեմ լսի։

Ձեռքերս խոթում եմ
զանազան իրերից դատարկված
ու հենց նոր ծակծկված շալվարիս գրպանները
ու առանց հայացք նետելու անհաշտությանս հեռանում եմ
ու մոտենում բարությանս հրապարակի շատրվաններին...

15 окт. 2009 г.

Ինձ ուրիշ ոչինչ չի մնացել բացի ամեն ինչից

(Պատառիկներ զգացմունքներիս կենսագրական ակնարկներից)

«Կան րոպեներ, երբ ինչպիսին էլ լինի մարմնի դիրքը, հոգին ծնկաչոք է»
Վ. Հյուգո

* * *

Աստված քեզ պարտք էր
ու ինձ տվեց քեզ՝
առաջդ ծնկած, գլուխս գոգիդ դիրքով...
Քեզ մնում էր
անփութորեն խաղալ գանգուրներիս հետ
ու անպատմելի քնքուշ մատներով
քնքշություն բերել
անփույթ մտքերիս,
բայց դու նաև գրկեցիր գլուխս
ու նույն մատներով շոյեցիր ծնկներիս հիշողությունը...

Կամ Աստված,
կամ ծնողներդ,
կամ անցածդ ճանապարhը,
կամ բոլորը միասին՝
քեզ տվել են իմ որոշ չար արարքները ներող
անսահման բարի մի սիրտ...
Քո սիրտը ընդունակ է բաբախել անգամ
քո աջ կրծքավանդակում,
եթե իմ ձախ կողմում ես գտնվում...

* * *

Աստվածները աղոթել են մորս համար,
ով մի օր առանց տատանվելու
վաճառեց իր միակ ամուսնական մատանին,
որ Ես ձմռանը կոշիկ ունենամ...
(Թեև քայլելս իզուր է եղել.
Ես այդ ժամանակ տեղում դոփել եմ)
Աստվածները,
մորս համար նախատեսված աղոթքի մեջ
չեն մոռացել ճակատագրել,
որ հորս աչքերի կանաչով
Ես օրհնված լինեմ
ու գարուն լինի միշտ սրտումս,
Երբ հայրս չլինի...

Ես երազելու ու հեքիաթելու խելառ եմ,
բայց իրականում մի անգամ
ծննդյանս օրը հայրս երազումս
բռիս մեջ մի աղջկա ձեռք է դրել,
հետո մյուս ձեռքով ծալել է ձեռքս,
որ ամուր պահեմ...
Ներիր, եթե ուղիղ իմաստով եմ ամուր պահելը հասկացել
ու երբեմն ցավեցնում եմ անպատմելի քնքուշ մատներդ,
որոնք քո մոտ եղածներից ամենաշատն են իմը...

* * *

Երբ դեռ տասներկու տարեկան չկայի,
ինձ համար ամանորի գիշերը
շատ վճռական ու քնքուշ մի պահ էր...
Ափերդ համբուրելը ու համբուրելուց առաջ
Այդ մասին քեզ ասելը
նման մի բան է ինձ համար...

Ես իմ բոլոր նախադասությունները երջանկության մասին
սկսում եմ քո անունով
այն պահից ի վեր,
երբ զգացի, որ
մեր ճակատագրերը երկվորյակներ են...

Աստված քեզ պարտք էր
ու ինձ տվեց քեզ...

1 окт. 2009 г.

Աշնան դիպուկ շրջանառությունը ուղեղիս 12358132144-րդ ծալքերից մեկում

Աշունն առաջինը ես զգում եմ
սիրուհուս հետ հանդիպումների կրճատմամբ,
որովհետև նա մրսկան է,
իսկ մենք շատ ենք սիրում
ձեռք ձեռքի բռնած պարապ զբոսանք,
որը երբեմն ես լցնում եմ իմ անօգուտ դատողություններով
գրականության և մեր ծանոթության հանգամանքների մասին:
Հետո զգում եմ աշունը ոտքերով.
որովհետև ոտքերիս էլ միակն են,
որոնց չի օգնում սրտիս ջերմությունը,
հետո` հագուստս ընտրելու դժվարությամբ
ու առավոտյան դժվար արթնանալուց:
Այս ամենի հետ համընթաց`
հասցնում եմ զգալ աշունը նաև
Գունային փոփոխությամբ,
որի համար` սուտ կլինի, եթե ասեմ` խենթանում եմ,
բայց ճշմարիտ է, որ
դաստիրակվում է գեղագիտական ճաշակս:

Աշունն իմ գոյությանը շատ լուրջ է վերաբերում
և լրջորեն զբաղվում է երևակայութունս հմտացնելով:

Աշունը յուրահատուկ հոտ ունի,
որը ես զգում եմ կեսգիշերից հետո
աստղերին նայելիս,
երբ կեսօրին, աշնան համառությունից
իմ շոյված տրամադրությունը, դատարկ է:

Իմ աչքերի գույնը ստացվել է աշնան մակարդումից...

Աշունն առաջինը ինձ է զգում իմ առաջնեկության պատճառով,
որովհետև բացի ամեն ինչից,
երբ աշունը եկել է,
ես արդեն ծնված եմ եղել...

* * *
Ես աշունը սիրում եմ բաց աչքերով
և բավականին մեծ պատասխանատվությամբ,
որովհետև
աշունն իր բովանդակությամբ շատ է նման
ժպիտը զսպած մերկացող կնոջ:
Ես աշունը ուշադիր եմ սիրում…

19 сент. 2009 г.

Բոլորի հետ էլ կարող է պատահել, կարգի բեր ժպիտդ, գնանք…

Բախտը համառաբար առաջանում է:
Ես նրա թևից անընդհատ քաշում եմ աջ,
իսկ նա արհամարում է ինձ,
բայց չի կարողանում
անտեսել ուժս:
Ես նախատում եմ նրան,
որ երբ ուզել եմ քայլի,
նա քնով է տարվել:
Ես գոռում եմ նրա
աջ ականջի տակ,
որ ուղիղ աչքերիս նայի`
թափ տալով արևից գունաթափ
նրա վերնաշապիկը,
իսկ նա գլուխն է քորում
և մտածում է, թե ոնց լռեցնի ինձ:

Բախտը հոգնել է մենակ
Ու հիմնականում հանուն ուրիշների քայլելուց:
Նրա երկու քունքերին էլ
նույնանման կայծակնաձև սպիեր կան,
ձախ բազուկին կրում է
քարե թևնոց`
հին աշխարհի մասին
բանավոր արձանագրություններով,
աջ ոտքը ցավում է
ժամանակակից գիտությունների մասին
ամեն օր թարմացվող դաջվածքներից:
Ընդհանուր առմամբ
նրա հագուստն ու պարագաները
նպաստավոր չեն
ճանապարհորդի և կենվորի համար,
բայց արի ու տես, որ համառում է:

Մի պահ կանգնում ենք:
Նա ձանձրացած իմ անհնազանդությունից
լուռ նայում է ինձ`
հայացքին տալով խիստ անհետևողական արտահայտություն
ու սպասում հրահանգիս:
Ծոցիցս դուրս եմ քաշում
ծննդյանս առթիվ նվեր ստացած
մանկությանս դատարկ ալբոմը
ու նա հասկանում է ինձ...

8 сент. 2009 г.

Շնչավոր հասցե, որտեղ առաջին անգամ շոշափեցի նվիրումը, ու մի քանի խոսք էլ այնտեղից բացվող տեսարանների մասին

2009 քաղաք,
Գարնան առաջին փողոց,
21 տուն:

Հիմա Ես Քեզ
Նայում եմ այնպես,
Ինչպես տեսել եմ առաջին անգամ…

Ու արցունքներս խնդուն
կարկտահարում են հոգուս քաղաքի
անփողոց մայթերին զբոսնող
բոլոր թափառիկներին…

Ես ժպտում եմ,
իսկ ժպիտիցս երեք վայրկյան աջ
տեղ են զբաղեցրել
քո համբույրների նախամայրերը…

Բայց դու ինձ չներես,
եթե Ես անընդհատ կրկնելով`
«Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը,
արժեզրկեմ այն:

Դու հայտնի անհայտության իմ գաղտնի հարստություն

Դու լացիս ու ծիծաղիս
Համերաշխ հաստատություն,
Ջերմության ու զովության
Հաստատուն իմ հաշտություն:
Դու բախտիս կենսանվագ,
Ներդաշնակ իմ տևություն,
Բերկրանքիս ու բարկության
Օրհնազօծ թեթևություն:
Շնորհակալ թույլ տուր լինել,
Որ հետդ լաց եմ լինում,
Ու լացս դեռ կոկորդում
Շատ չանցած նորից ծիծաղում…
Շնորհակալ թույլ տուր լինել,
Որ չնչին կոպտությունս
Փշուր է դառնում գոգիդ,
Որ քեզ սառն եմ տալիս,
Դու ինձ ջերմություն ես մեկնում,
Որ քեզ այրում եմ, իսկ դու
Զովություն ես մաղթում:

Եվ ներիր մի անգամ էլ
Ամենաշատը նրա համար,
Որ քեզ այս ամենի համար
Շնորհակալ եմ լինում:

2 сент. 2009 г.

ԼՌՈՒԹՅԱՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Բարև ձեզ,
դուք գտնվում եք
պատահականությունների սրտաբացության,
զուգադիպությունների սառնասրտության
և ժամանակի ու տարածության
տրամադրության ուղիղ կենտրոնում:
Ձեր ձախ կողմում ծուլորեն ձգվում են
ապագայի մասին ձեր պատկերացումները,
իսկ աջ մասում`վստահաբար ու աշխուժորեն
շարված են փաստերն ու հիմնավորումները
դրանց անհնարինության մասին:
Ձեր ետևում քրքջում են
ձեր բոլոր ձախողված պլանները,
իսկ առջևում հորանջում են
երազանքներն ու պատկերացումները
մերթընդմերթ պայծառացող ապագայի մասին:
Բայց քանի որ դուք հարմարվել եք ձեր այս դիրքին,
ապա խուսափում եմ հայտնել,
թե ինչ կա ձեր ներքևում,
որովհետև դա կավելացնի ձեր դողը,
որը կվաստակեք, երբ հասնեք այնտեղ,
որտեղից Ես սկսեցի այս անտանելի քչփորումը...
Բայց ամեն դեպքում
դուք ինքներդ որոշեք`
նայել վե՞ր, թե՞ ոչ.
դրանով է պայմանավորվելու`
ձեր դողից կփշրվեք,
թե՞ կշարունակեք մնալ կենտրոնում
իբրև կենսագոյության բաբախումների հերթական վկա...

Ու քանի որ վերևում արդեն բարևել եմ,
ապա այժմ ինձ մնում է միայն ժպտալ,
ափերս շփել`մտածելու համար ժամանակ շահելով,
թարթել անթարթ աչքերս`
հակառակվելու համար ձեր զարմանքին,
խորը շունչ քաշել,
վերլուծել թթվածնի բաղադրությունը,
կրկին սրտապնդել ու շարունակել...

3 авг. 2009 г.

Արթնանում եմ

Մի ամբողջ էջ լռություն եմ արտագրում
ու թարգմանում եմ ժպիտդ այստեղ:
Ես մի քանի անգամ աչքերիս տակով նայում եմ թարգմանությանս,
ստուգում
ու կրկին շարունակում եմ
չսկսածս ծիսակատարության չափածո հույզերը...

Թերթում եմ հավատիս նվեր տվածդ հատորները...
Մաշվել են հատկապես էջադրման հատվածները...
ու երևի ցուցամատիս մատնահետքի հոտը ներծծել են խորը...
Անգիր գիտեմ շնչավոր ժպիտներդ բոլոր հատորների...

Հիմա գնամ, կանչում ես...

31 июл. 2009 г.

Տրամադրությանս անցուդարձը նույնն է կրկնում

Զգացումներս անընդհատ բախվում են գիտակցությանս...
Բոլորովին նույնը լինելով
զգացումներս և գիտակցումս`
նրանց առճակատումից անջատվում է
նույն էներգիան
մեկից դեպի մյուսը...

Գիտակից զգացողություն,
զգալու գիտակցություն,
գիտակցելու զգայություն...

Զգացումներս և գիտակցությունս
հերթով տրոփում են`
լրացնելով մեկը մյուսին,
որ Ես արթուն մնամ
երբ Ես քեզ հետ եմ
և երբ դու ես ինձ հետ...

9 июл. 2009 г.

Իմ կոպտության գաղտնավանկերում էլի սեր է քեզ

Դու ծնվելուդ պահին
արդեն ներել ես իմ բոլոր անփույթ արարքները…
Թույլ տուր քո փոխարեն
շնորհակալ լինել նախնիներիդ
նման շռայլ ժառանգության համար…

Շնչելուդ պես հիշիր`
որ սիրում եմ քեզ:
Արտաշնչելուդ պես վանիր
հակառակ դեպքերը…

Իսկ հիմա լռիր,
Չէ՞ որ ամոթ է հանկարծ ծիծաղել ուրախությունից
այդքան բարձրաձայն…

2 июл. 2009 г.

Ժամանակի պտույտը կամ անընդունելի ճշմարտություն

Ասում էին թե.
Մկան մեզն էլ օգուտ է ջրաղացին:
Հիմա էլ ոմնաք այդպես են ասում:

Հիմա հին օրերը չեն,
Հիմա ի՞նչ ջրաղաց,
Հիմա պտտվող երկրի
Պտույտից են խոսում:

Իսկ Ես կարծում եմ,
Որ կան պտույտներ,
Որոնց իմ մեզը կարող է օգնել:

-Երկի~ր, ուշադիր
Ու մի քիչ ավելի
Գեղեցիկ պպտտվի'ր.
Բանաստեղծ է միզում...

Թվերի ուղղագրությունը

Աշխարհը կառուցված է թվերի վրա,
Օրինակնե՞ր…
Խնդրեմ`
π` 3.14…
√2` 1.41…
Ֆիբոնաչի շարքի ոսկե կտրվածք` 1.618…
Սրանք իռացիոնալ
Այն բարդ թվերն են,
Որոնք կան ամենուր,
Ինչը գեղեցիկ է…

Ու էլի թվեր`
Շա~տ ու բազմազան…

Ավելացնում եմ Ես ևս մեկը`
1` բարդ ու պարզ մի թիվ`
Իմ ու քո կարգավիճակը…

29 июн. 2009 г.

Մի քիչ էլ քեզ համար խոսեմ, որ ազնվությանդ ճիգը քո հանդեպ լինի արդարացված ու վերջինը չլինի

Քիմիապես անլուծելի ու անպատասխան հանելուկ
«Լուծում չունենալը նույնպես լուծում է»

Դմբո', չալարես,
Բոլորը կարդա,
Յուրաքանչյուր բառ,
Յուրաքանչյուր տող:

Յուրաքանչյուր բառ,
Յուրաքանչյուր տող
Ուշադիր կարդա'…

Ես այն քչերից եմ,
Որ վրադ թքած չունեմ ,
Հաշվի առ այդ
Ու նկատի ունեցիր,
Որ քեզ համար եմ ասում`
Բոլորը կարդա…

Յուրաքանչյուր բառ,
Յուրաքանչյուր տեղ…

25 июн. 2009 г.

Մեծ վերնագիրիս կողքին քո ծվարած միտքը

Քվանտային խաղիկ

Դու՛,
Կոնկրետ դու՛,
Եթե իմ բանարարման վերնագրով
Իջնես խորը այնքան,
Որ հասնես տեղ,
Պետք է որ հասկանաս,
Որ բարձրացար այնքան,
Որքան կարող ես
Թույլ տալ ինքդ քեզ…

Դու՛,
Էլի քեզ հետ եմ, հա՛,
Եթե քեզ կորցնես`
Իզուր ետ գալու
Ուղի չփնտրես:
Ձայն տուր ինքդ քեզ,
Կանչիր բարձրաձայն
Ու եթե լսես սեփական ձայնդ,
Ես այդժամ գուցե
Օգնեմ մեկ անգամ…

Դու՛,
Շուրջդ մի նայիր,
Հենց նոր ասացի,
Որ քեզ հետ եմ հենց.
Դու՛,
Հիմա հասկացա՞ր,
Թե ու՞ր ես հասել…

24 июн. 2009 г.

Քեզ ճանաչեցի լավագույն պահին, երբ բանաստեղծությունն իմ մեջ ելք էր փնտրում

Հայացքիդ ափից
Աչքերիդ մեղեդին խմեմ այս պահին
Ու բանաստեղծագուշակեմ առավոտները…
Ես քեզ գտա առավոտյան`
Բանաստեղծություն որոնելիս…


Քեզնից անջատվող ամեն ժպտուն բան
Իմ առավոտների իրազեկումն է…
Ես քաջատեղյակ եմ
Աշխարհի բոլոր առավոտներից…

Քո կանաչ աչքերի լուսե հայտարարը
Երջանկության շերտեր է թողնում
Քունքերիդ վրա…
Ես ճանաչում եմ քո ներկայությունը
Քիմքիս վրա
Իմ բոլոր արարքներում…

Ուղիղը անվերջ կետերի բազմությամբ չի համալրվում,
Ու կորագիծն էլ ինչ-որ շրջանների շառավիղների խաչմերուկներում
Ծպտված մեկ այլ կորագիծ է…

Ինչ-որ շա~տ ու կրկնվող բաներ,
(Ներառյալ այն,
Որ սիրահարվում եմ քեզ անընդհատ,
Չնայած արդեն սիրում եմ),
Պայմանավորում են
Ինչ-որ մե~ծ ու անվերջ երևույթի
Գոյությունը…

Քո կանա~չ, կանա~չ, կանա~չ աչքերը
Իմ աչքերի մեջ անդրադարձումի լավագույն պահն են.
Քո կանա~չ, կանա~չ, կանա~չ աչքերը…

11 июн. 2009 г.

Ոնց էլ վարվես

Քո հայտնության քառակուսի հավասարման բանաձևով
Գոյանում է իմ ժպիտի կորությունը...

3 июн. 2009 г.

Մի թող խեղճանամ

Ես իմ բոլոր-բոլոր ապրումները շիտակել եմ
և քո առաջ պարզ եմ ինչպես որ կամ:
Ես իմ անցած ուղու
գալիք խաչմերուկները ծռել,
դեպի քեզ եմ թեքել,
Որ դու ինձ հետ իմը լինես,
ոչ թե լինես մոտս ու քեզ չզգամ:
Ես այսպիսինն եմ.
մի քիչ բոբիկ
ու զգում եմ հողի խնավությունն անգամ,
Գուցե շատ դեպքերում ճանապարհը հարթ է,
Կոշտուկներն են անցած ճանապարհիս
ինձ ցավ տալիս,
Բայց ես քո առաջ կրծքաբաց եմ,
ուր ոչ մի գլուխ չեմ թողել ննջի...
Ես քո առաջ կանգնած
ու ճակատով էլ եմ ժպտում քեզ
Ու պատրաստ եմ փոշի սարքել,
քամուն տալ վաստակներս էլ,
Միայն դու քեզ ազատ
ու ինձնով դու քեզ զգաս...

Ես այսպեսինն եմ. բոլորանվեր քո լինելուն,
Եվ ուզում եմ ձեռքիս նման դու էլ իմը լինես այնպես,
Որ երբ ուզեմ աչքերս տրորել,
հապաղումը չզգամ...

Համբուրում եմ ափերդ...
Քո ժպտալու համար շունչս ողնաշարի մասից 7 տեղից կկոտրեմ,
Միայն թե հավատա...

Համբուրում եմ ափերդ...

2 июн. 2009 г.

Առաջին աստճանի նվիրում

Ուրեմն այսպես...

Տևածս կյանքի չափ
Փնտրելու համար
Ես ինքս ինձ պարգևատրեցի
Քեզնով:

* * *

Խոսքեր չեմ փնտրում
Քեզ պարգևելու.
Դրանից ավել
Մնացած բոլոր տևումներս
Քեզ եմ ընծայում:

Ահա և այսպես...

30 мая 2009 г.

Բարևամուտ

Թարմությունը ծափծփվում է
Ամեն առավոտ,
Երբ ուզում եմ արթնությունս
Հասցնել քեզ:

Ապրելը գլխապտույտ է

Շուռումուռ եմ տալիս գլուխս
Տարբեր կողմեր...
Կյանքը մեկընդմիշտ քաոս է...

Գլուխս մարմնիս փորձում է տարուբերել...
Աշխարհը ու՞մ պոկված գլուխն է...

Մի բան խոսիր ինքդ քեզ

Իմ խոսքը տձև է
Ու չեմ պատրաստվում
Օրինակներ բերել:
Իմ խոսքը վրան
Կարմիր պտեր ունի,
Ծիրանագույն զոլեր
Ու երկնագույն խոռոչ:
Իմ խոսքը երբեմն լայն է.
Երբեմն երկար:
Իմ խոսքի ծոպերը կոշտ են,
Արմատները գանգուր:
Իմ խոսքը մեղեդու սկիզբն է,
Օրինակներ էլի զլանում եմ բերել...

20 мая 2009 г.

Դու չմահացար, ոչ էլ սպանվեցիր, ոչ էլ զոհվեցիր. Դու ապրում ես միշտ

Սլավիկ Չիլոյանին

Երեք սպիտակ վարդ
Բանաստեղծական այս խոնարհումով
Խոնարհում եմ քեզ…

Ձեռքիս բարևը
Ես մեկնում եմ քեզ
Ու բարձր ասում`
Բարև բանաստեղծ:
Ոչ ոք չի լսում,
Բայց դու ժպտում ես
Ծիծաղախառը…

19 мая 2009 г.

Մարգարեությունդ կռահեցի

Պարույր Սևակին

Նույն քո կռահած
Բիճերը դարի պոռոտաբերան
Հիմա անվանդ անուն են դնում…
Քո աղով համ են տալիս անհամին,
Բայց քո հետևից պախարակում են…
Դե ետ մնալուց նեղվում են,
Ոչի~նչ…

Ատամանվիդ տակ
Ճզմում են իրենց`
Անունդ տալուց
Ու չե~ն հասկանում,
Որ մանրանում են…

...Դե այդպիսին է
Քո իսկ կռահած
Բախտը բիճերի,
Դու էլ հո՞ գիտես…

18 мая 2009 г.

Բայց ինչու՞չասեմ

Եվ այս մեկ անգամ էլ
Ես իմ ծիծաղից
Բաժին եմ հանում
Ձեր բոլոր իմաստուն մտքերի վրա
Կյանքի ու սիրո ու նման տարբեր բաների մասին:

Իսկ դուք հարցրե՞լ եք`
Թե կյանքը ինքը,
Ի՞նչ կարծիք ունի
Իրեն վերաբերող
Ձեր մտքերի մասին:

Ես ծիծաղում եմ…

Բանաստեղծությունս
Ձեզ խոցող խոսք է,
Ձեր արածի համար ձեր մեջ զղջում հարուցող,
Անիմաստությունը ձեզ ցույց տվող ուղեցույց:

Ես ծիծաղում եմ…
Ու գուցե խոսքս ձեզ հունից հանի
Ու դուք կատաղեք.
Այն սուր է գուցե չափից առավել…

Ծիծաղիր, կանցնի…

13 мая 2009 г.

Ուշադրություն, ասում եմ քեզ, բայց լսելու են շատերը

Կույս երազահանում կարդացի,
Որ առավոտյան քեզ համար ժպտալս
Բազմանշանակ իմաստ ունի…
Ու թույլատվություն չհարցնելով`
Ինքս ավելացրի
Իրականացող հեքիաթների հանրագիտարանում,
Որ այդ իմաստը քոնն է…

(Ժպտում եմ առավոտյան ժպիտով)

Առաջին անգամ սերը ինձ չի հերիքում.
Պետք է ավելացնել
Ու անուն չտալ…

Ուշադրություն,
Հենց հիմա զարմանում են այլոք…
(Դու ժպտում ես առավոտյան ժպիտով)

Խոստովանվածության աղավաղված չափաքանակ պարապ առիթով

Մեկ
Երկու
Երեք
Դե գնաց.
Սկսեցինք…

Սիրում եմ առավոտյան շուտ արթնանալ,
Սիրում եմ սուրճի առաջին կումը ֆռթացնելով խմել
Ու չեմ սիրում, որ կողքից հանդիմանում են ֆռթացնելս:
Ես սիրում եմ սրտիս վրա քնել,
Գիշերն էլ եմ սիրում:

Անհրաժեշտ եմ համարում
Սիրելուս մասին այս պատումը
Թողնել կիսատ…
Չաղավաղե՛ս:

Հասանք այստեղ,
Հիմա դո՛ւ.
Մեկ
Երկու
Երեք
Դե սկսիր…

11 мая 2009 г.

Վերնագրից էլ վեր, խորագրից էլ խորը, սկզբից մինչ անվերջ` Հեղինե

Երբ անունդ տալիս եմ, ինքս դառնում եմ հրճվանքի դողը…
Դու այն միակ ու եզակի կամրջակն ես, որը գործածվում է, երբ սերը որպես բացահայտիչ հաջորդում է անվանս…
Ահա և դու սիրուց առաջն ես ու ինձ հպվողը…


Հեղինե,
Հենց սկզբում անունդ տամ
Ու հայտնեմ այն մասին,
Որ հիմա
Սերն այնքան այնքան է
Սերտաճել,
Այնպես ու այնչափ է
Մեծացել,
Որ ինքն իր գլուխը կորցնում է,
Երբ հնչում է անունդ`
Հեղինե…

Հեղինե,
Ես այնքան ու այնպես եմ
Քեզ մտերմացել,
Այնչափ եմ մերձացել
Որ նույնիսկ հետդ լինելիս,
Ու հետդ լինելով
Կարոտը բազմանում
Ու բազմապատկվում է ավելի,
Հեղինե…

Հեղինե,
Ես անսպառ բանաստեղծ ապրումի,
Աշխարհին սիրահար բանարար,
Վատնված անհաշիվ սերերում,
Թավալված կրքերում անիմաստ,
Հիմա նոր մղումով մի մաքուր
Քեզ եմ հաղորդվում այսուհետ,
Հեղինե…

Հեղինե,
Ես քեզ կանչում եմ հար`
Իմ սիրո պատվիրան,
Դու իմ… իմ ամենա
ԱմենաՀեղինե…

Դեռ գրված չէ աշխարհի ամենագեղեցիկ բանաստեղծությունը…
Բայց ինձ համար այն շոշափելի է, երբ կանչում եմ` Հ ե ղ ի ն ե~…

8 мая 2009 г.

Մասնավորապես քեզ համար

Ինձ ու հատկապես այն սերը,
Որն Արարողը հատուկ քեզ համար է արարել
Ու լցրել է անգամ քունջուպուճախս,
Ու որը շատերի տևության հագին լայն էր,
Ես հիմա ամբողջովին հանձնում եմ քեզ…

Ահա այսպես և չուշացանք

Դու ինձ ճանաչեցիր, երբ քեզ գտա…

Դու ինձ տեսար այնպես,
Ինչպես կայի`
Հավատաթափ:
Սակայն ինձ գրկեցիր
Առանց վարանելու
Լրիվ քո ջերմությամբ…

Դու ինձ տեսար այնպես,
Ինչպես էի`
Իմ նախնական շփոթությամբ:
Բայց ժպտացիր հստակ,
Առանց կասկածելու…

Դու ինձ նկատեցիր, երբ Քեզ ճանաչեցի…

Հարակից բակի տներից մեկում

Ճզզ-վզզ, ճզզ-վզզ`
Մեկը ջութակ է պարապում…
Ճզզ-վզզ,
Ճզզ-վզզ,
Ճզզ-վզզ,
Ճզզ-վզզ,
Ճզզ-վզզ…

Զահռմար` ոմանք գանգատվում են…

Ընդվզում…
Ընկնում է նոտայակալը…

Դընննննննն,
Դընննննննն`
Ջութակ պարապողը նոտայակալի համար
Դուդուկ է նվագում…
(պետք է որ մտքում նվագեր.
Նա ջութակահար էր)

Ճզզ-վզզ, ճզզ-վզզ,
Ճզզ-վզզ, ճզզ-վզզ,
Ճզզ-վզզ, ճզզ-վզզ…

Էլի նույն կրկնվող պատմությունը…

30 апр. 2009 г.

Գիտահանրամատչելի կյանք ու նմանատիպ մի քանի անփույթ խոսք դրա մասին

Շքեղ առանձնատուն կամ բնակարան,
Նույնատիպ ավտոմեքենա կամ մեքենաներ,
Ձեռնտու աշխատանք` անհամապատասխան բարձր աշխատավարձով,
Ուզած պահին ցանկացած տեղանքի ուղեգիր,
Շահավետ ամուսնություն և թանգարանային կին,
Ընկերներ, երբ վերոհիշյալները ուժի մեջ են,
Անբարև հարևաններ…
Նման այլ չնչին նմանություններ…
Այսպիսի այլ ոչինչ շարունակություններ…
Տեղին վախ ու անտեղին խիզախություն…

Եվ ինչ-որ մեկը այս մասին չալարեց ու գրեց ուղիղ 10 տող:

29 апр. 2009 г.

Ինձնից ցած

Ես կծկված նյարդ եմ ամբողջովին:

Եթե կարված լինեի երկրագնդին,
Իմ դողով նա կցնցվեր...

Քայլելիս միշտ մատներիս եմ կծկում ճանապարհների լուսանցքները... ու ձեռքս կրծքիս սեղմելիս` ափս հաճախ չի դիպչում ինձ...

27 апр. 2009 г.

Ինքս ինձ

Պարզ իրականություն,
Համբույրից ճմրթված շուրթերով «Ես քեզ սիրում եմ»,
Պատասխան շշունջդ ունկերիս փշաքաղումին,
Գրկումի ճոճ,
Հետզհետե խտացող լույս բարեկամ համաստեղություններից,
Ժպիտների պահմտոցի այտերիս,
Համբուրվելու ընթացքում անհասկանալի խոսքեր,
Հարց այդ մասին`համբույրն առանց ընդհատելու,
Պատասխան` պատասխան համբույրով:
Սրտատրոփի սահք կրծքիդ,
Լռության ոգևորում,
Աջ ու ձախ, հետ ու առաջ, վեր ու վար:
Մեկ վարդ` անձեռոցիկի վրա հապճեպ արված գրությամբ
Ու առանց բազմակետերի համբույր`
Ուղղված շքեղ թերություններդ,
Բայց առանց վերջակետ

23 апр. 2009 г.

Դե, սուս. այս մասին ոչ-ոք չգիտի

Ես հիմա քեզ հետ
Խոսում եմ այն մասին,
Որ կարող եմ քեզ համար
Անթիվ ու անհամար
Բանաստեղծություններ գրել,
Որ կարող եմ քեզ նվիրել
Բոլոր հատորները խոսքերիս:
Եվ անգամ`
Քո անունի արմատով
Իմ կազմած բառերից
Մի հսկա բառարան կազմել
Ու առանց առիթի սպասելու
Մի օր նվիրել քեզ…

Բայց ավելի շատ
Ես հիմա
Ուզում եմ քեզ ասել այն մասին,
Որ շատ եմ ուզում այս պահին,
Շտապել դեպի քեզ,
Քեզ գրկել,
Չհասցնել ասել անգամ,
Որ սիրում եմ քեզ,
Դու ժպտաս այդ մասին
Ու ինքդ էլ ինձ գրկես…

Ահա և սա էի հենց ուզում
Քեզ ասել…

22 апр. 2009 г.

«Գառնիկ-Ես-Արունց»

(Գառնէպոսի բովանդակը կամ Պտղագրություն)

Բաղադրություն

Ոգեմետ հավելումներ,
Աքլորականչ,
Թավջութակի երաժշտություն,
Չարենցի պոեզիայի 3 գույները,
Եղանակների ծառեր,
Շոկոլադե ազգանուն,
Իգական անունների իրարամերժ հայացքներ,
Իմպրեսիոնիզմ,
Քմծիծաղ,
Դրական փշաքաղում,
Շնչակտուր ընթացք,
Կույս արևածագ,
Լիաբուռ Ծովե հղիություն,
Հեղեղ:

Կազմություն

Նախահայր,
Նորածնի ճիչ,
Պորտալարի մկրտում,
Քաոս...

Նշանակություն

Ակտիվացնում է կրքի առաջացումը,
Փափկացնում է թախիծը,
Առաջացնում է ուժ դեպի թուլությունը,
Բարերար ազդեցություն ունի շնչառության վրա` համբուրվելիս,
Արձակման հատուկ ուժ ունի ցտեսության վրա` կամրջվելիս,
Առաջացնում է Գեղեցիկի հանդեպ անհագ կշտություն...

...
Գառնաբուժությունը Գառնաբուժվողին ենթադրում է`
Մտքի թռիչք,
Ծնելու հակում,
Անափ գրկում,
Ստեղծարարելու ծարավ,
և այլն.
մնացածը տեղում ու միանգամից...

Խորհուրդ չի տրվում հղիներին և հավատացյալ թվացյլաներին...

Ծնննդաշխարհը` աշխարհ,
Ժամանակը` կարևոր չէ:

Պահել և փայփայել սրտանց…
Պիտանի է ընդմիշտ...

Ազդեցություններ

Յուրովի քիմքահետքեր
...
Հետևանքներ

Պտղագրության անհագ պահանջ

-Թեկուզ ինձ չտաք էլ հենման կետ, միևնույնն է Ես կճոճեմ ձեր հետաքրքրությունը...

…Շարունակություններում Նոր Աստվածները Ժպտացին,
Որովհետև կրկին քաոս էր համատարած և լռություն…

20 апр. 2009 г.

Ներբողագույն արևագիր Գառնասարի գագաթներին

«Քելէ, Արև, քելէ էրթանք Գառնէրգիր...»

Տուր, մատներդ, ճախարակեմ,
Ժպիտ գործեմ ու հագուկապեմ ծիծաղդ,
Ծարավ նկարեմ ծնկներիս
Ու չոքեմ մեր անքուն բարձին:
Տուր, ձեռքերդ, փողկապ կապեմ
Ու գնամ գարունների հարսանիքին,
Չամաչեմ հարբել չխմած
Ու քնեմ երկնքի հատակին:
Տուր, կոնքերդ թթխմորեմ
Մահճակալ թխի տատիկդ,
Վերմակ քանդակեմ թիկունքիս,
Երբ հյուր գա Անքունը ծաղիկներով:
Տուր, բանալիներդ, բռումս ձուլեմ,
Բուռս վզնոց սարքեմ, գցեմ թևերիդ,
Շեմս ջրեմ կչկչոցիդ ցիրուցանով,
Բերքահավաքեմ պատուհաններդ:

Ինչ կուզես, տուր, ինչ ուզեմ անեմ…

«Քելէ, Արև, քելէ էրթանք Գառնէրգիր...»

18 апр. 2009 г.

Չկրկնվես ոչ մի անգամ

Մեկ անգամ կրկնեցի,
Երկու անգամ կրկնեցի,
Երեք անգամ կրկնեցի,
Չորս անգամ կրկնեցի,
Հինգ անգամ կրկնեցի,
Վեց անգամ կրկնեցի,
Յոթ անգամ կրկնեցի…

Կրկնեցի,
Կրկնեցի,
Կրկնեցի…

Էլի կկրկնեի,
Բայց ուսերդ թոթովեցիր
Ու բան չհասկացար,
Թեկուզ այդքան կրկնեցի…

Պաչս ծոցդ ընկավ

Պաչով շուրթերդ պեղեցի`
զանազան ժպիտների հանքեր գտա:
Մատով ժպիտդ քորեցի`
ծիծաղիդ ջրվեժը հորդաց աչքերիս:
Գիրկս քեզ տվեցի,
պաչդ հագա,
պաչով շուրթդ գրկեցի
ու մտա այտ-վերմակիդ տակ
ու քնեցի...
Երազում արթնացա,
Հետդ մի գավաթ արև խմեցի`
Լույսը դնչովս ծորեց,
Հասցրիր ափով պահեցիր...

Ու հիմնականում դու ինձ նորից գտար,
երբ շուրթերս քեզ էին ծննդագրում...

17 апр. 2009 г.

Հենց հիմա

Մի թերթ պոկում եմ ժպիտիցդ
Ու սրբում եմ
Ծիծաղից արցունքոտված աչքերս...

Մի պահ լռում եմ...

Հետո մի ուրիշ ժպիտ փառավոր
Գալիս է փռքվում շուրթերիս
Ու քեզ է կանչում բացահայտ...

Մի պահ բոլորովին չեմ զարմանում...

Մի բուռ ծիծաղիս սերմերից
Լցնում եմ այտերիդ վրա,
Որ հենց նոր ավելի կլորացան ժպտալուց...

Հենց նոր

Ինչ-որ նոր ու անծանոթ արբածության երերումներ
Դեպի քեզ բերող ճանապարհին
Անհետք նոտաներ են նկարագրում,
Որով հնչում է
«Ես ու Դու ՄԵՆՔ ենք»
Երբևէ չգրվող բանաստեղծության
Մեղեդին…

Անբաժանելիություն

Թողնում եմ ինքդ քեզ երգես,
Մի քիչ պտղես ինքդ քեզ...
Չնայած`
Ես կարող եմ անվերջ, անընդհատ
Դառնալ քո սիրո խմբավարը...

Անհավասարակշռությունդ հարուցում է իմ անկշռելիությունը...
Ու Ես ունակ եմ տեղավորվել անգամ հերքումներիդ մեջ
Ու օվկիանոսների ալիքների նման ավելի խորանալ դեպի
Իրենից հեռու մղողը...

Մատներով տրորիր մատներս.
Քեզնից թաքցնելու համար նվիրվածությունս առ քեզ,
Որ ինքդ քեզ գտնես,
Քրտնել են... Քրտնել են մատներս...

Քրտինքս քո հոտն ուներ, երբ չէինք պատահել,
Հիմա, իմ` քո երբեք չտեսած արցունքներս,
Քո քրտինքի ձայնն ունեն...

Մի թույլ տուր շրջվեմ ինքս ինձ...
Ու մի քիչ ինձ երգիր այն նոտաներով,
Որ Ես այդպես էլ չեմ հասկանալու...
Ու Ես չեմ էլ հասկացել երբեք.
Ինչու եմ սիրում բոլոր իմ սիրած
Նոտաները երգի...

16 апр. 2009 г.

Սիրաթաթախ քնից հետո

Սիրում եմ,
Երբ դու ինձ արթնացնում ես առավոտյան…
Քնաթաթախ ձայնիդ և ալարկոտ խոսելուդ համար
Խելքս իմը չէ…
Ձայնիդ ուղեկցությամբ մատներդ ասեղների պես
Դուրս են գալիս մաշկիս տակից
Ու փշաքաղվելու պես:
Բայց ավելի հասուն մի բան
Դողացնում է ինձ…

14 апр. 2009 г.

Ամեն օր

«…Դու բոլորի նման չես, դու ունես ինձ…»

Քո լինելու միտքն է ինձ արթնացնում առավոտյան…
Ու այնպես է շփում այտերս,
Որ Ես ժպտում եմ ակամայից…

«…Այն ինչ չի թվարկվում` քեզ տամ…»

Քո տևությունն եմ շոշափում
Ինչ-որ տեղից ներս…

«…Ես կամ աշխարհում հատուկ քեզ ժպտալու համար…»

Քո լինելն է լինելս,
Գոյությունդ` Ես…

11 апр. 2009 г.

Մատնագիր բուրաքանդակ կերպարիդ վրա հենց ափիս մեջ

Ձախ ափիս քեզ եմ խճանկարում
Աջ ձեռքիս մատնաշոյումով…

Երեք անգույնով աչքերդ եմ լուսագրում
Ու միանգամից զգում եմ ուրցաբույրը նրանց…
Մանրանկարում եմ համբուրելի թշերդ,
Որոնք փթթումից քիչ է մնում ափիցս թափվեն,
Ու պատկերացնում եմ,
Թե ոնց են հաճախ շուրթերս
Թշերիդ գլուխկոնծի տալիս…
Զույգ լռությամբ ժպիտդներդ եմ նրբագրում
Ու մտովի էլի ճոճում եմ ժպիտս
Նրանց կորությամբ…

Եզակի կանչով դաստակիս անոթազարկին
Կենտագրում եմ անունդ` իբրև մակագիր,
Հետո ափս ծալում`
Թողնում եմ ներծծվես…

Մոտեցնում եմ ափս երեսիս`
Քո համն ու հոտն է…

…Բուռդ արագ ու առատորեն
Լցնում եմ համբույրներով,
Որ ճզմես ու թանձրուկն համբույրիս
Ծորա գոգիդ,
Որ սրբես հետո կրծքիդ ձեռքերդ
Ու ստուգես թացությունը`
Ափերդ այտերիդ հպելով…

Համբուրում եմ դարչնահամդ երազ անգամ…
Ու պաչում եմ պաչդ…

4 апр. 2009 г.

Աննմանը աննմանին է սիրում

Երկրաչափություն առաջ շատ լավ եմ իմացել,
Բայց հիմա`
Երբ ուղիղ գծով դեպի քեզ եմ գալիս`
Քեզ մոտենալիս` կորանում ու կիսվում եմ…
Հենց հասնում եմ քեզ
Դառնում եմ քեզ գրկող շրջանագիծ...

Նախկինում գիտեի շատ լավ նաև հանրահաշիվ…
Ու Ես մեկ չեմ եղել երբեք, կարծում եմ,
Այլ բյուրապատիկ...
Բայց հիմա այն մեկն եմ,
Որ քեզ պես լուսապատիկը
Երբ ինձնով բազմապատկվում կամ գումարվում է ինձ,
Կամ իմ աստճանով մեծանանում է.
Ես դառնում եմ միակը....

Հիմա Ես ու Դու Մենք ենք...
Այս մասին հոգով եմ մտածում
Ու սիրտս փթթում է,
Ժպտում եմ այս մասին թոքերով,
Սիրտս ծիծաղից փռթկում է...

Երկրաչափությունն հիմա ինձ շատ լավ է ճանաչում
Ու գիտի որ քեզ հետ Ես արդեն անհանրահաշվելի եմ…

2 апр. 2009 г.

Լուսերգ մատներիս լեզվով

(Սկիզբն Ինքնաձոնման)

Մի կյանք խորքից,
Մի ծնունդ վեր,
Ու հավիտյա~ն
Սկսում եմ քեզ ճանաչել…



Դու իմ ավարտն ես,
Քեզնից հետո Ես նորից եմ սկսվում`
Թոթափված բոլոր ծիծաղագույն հետոներից…

Դու իմ անավարտն ես,
Քեզ ինքս կավարտեմ
Եվ ինձնից կսկսվես նորից` առանց կիսատության…

Հիմա ներկաս անընդհատ ապառնի է,
Ես անընդհատ Դու եմ.
Անվերջությանը թողել ենք պարապ…

Դու իմ եզակի հոգնակին ես:
Քեզ հետ քեզնով եմ պատիկվում
Ու մինչ առաջանալս բարձրանում եմ…
Իսկ դու` ինձնով մեծանալուց շատանում ես…

Դու իմ բացականչությունն ես,
Երբ անունդ եմ տալիս
Ու իմ շեշտը,
Երբ բացականչում եմ…

Դու իմ ուժեղ լինելու թուլությունն ես,
Ես` քո թերությունը միակ,
Որով առավել ես միշտ…


Ինձ հետ մի կյանք,
Նոր ծնունդով,
Ու հատկապես սիրակոտոր
Դու սկսում ես ինձ ճանաչել…

25 мар. 2009 г.

Ժպիտդ իմ շրթերգն է

(Քո անունը չեմ տա տողերումս,
Բայց կարտասանեմ մի ամբողջ սիրո տևություն…)


Ես այս անգամ որոշել եմ խարդախել գարնանը,
Խախտել մեր միջև եղած բանավոր համաձայնությունը
Ու սիրել միայն քեզ…
Ոչինչ թող այս անգամ էլ
Ես ինձ հետ արդար վարվեմ
Ու քեզ հետ լինեմ արդարացի…

Ես այս անգամ որոշել եմ խաբել գարնանը,
Ու միայն քեզ սիրել…
Ոչինչ, թող խանդի գարունը,
Թող լացի,
Ու սնքռտա մի քիչ.
Վերջում կակղելու է, մեկ է,
Ու գա ափերումդ ապրի,
Որ գոնե ինձ հպվել կարողանա
Երբ ինձ շոյես…

Ես այս անգամ ու երանի միշտ,
Միայն քեզ եմ ուզում սիրել…
Ու գարունը… … …
Գարունը, ոչինչ, կգա վերմակի տակ…

… …
Այդ ի՞նչ է պետք եղել,
Որ որդին մորը սիրի,
Կամ քույրը եղբորը…
…կամ Ես Քեզ ե՞րբ չեմ սիրել…

Չեմ խոստովանում թուլությունս

Երբ գամ`
Կփորփրեմ գույնիդ հանքահորերը ու ինձ շաղ կտամ այնտեղ` առանց ետ-ետ նայելու…
Երբ գամ`
Կխնդրեմ անհամբերությունիցս կիսված արևը սոսնձես ծիծաղիդ թանձրուկով…
Երբ գամ`
Ափիդ մեջ բռնոցի կխաղամ ու կթաքնվեմ հաղթությանդ վրա…
Երբ գամ`
Կքաղեմ մազերդ ու ինձ բեղմորուս կդարձնեմ` հեքիաթում թագավորի լինելը իրական դարձնելու համար…
Երբ գամ`
Չեմ շնչի 1000 տարի ու տեսնեմ ո՞նց ես ճանաչելու շնչիս բույրդ…
Երբ գամ`
Ինքս ինձ կհյուրասիրեմ տատիկիդ պատրաստած լուսնից խորիզով շեղանկյուն գաթայով…
Երբ գամ`
Կպառկեմ ամպե սավանով ծածկված բազմոցիդ վրա ու արթուն կռմփացնեմ…
Երբ գամ`
Առաստաղիդ ջահի լույսը կվարակեմ անլրջությամբ ու ոչ միապաղաղ դողով…
Երբ գամ`
Երկինքդ կքերեմ մեջքով ու աչքերիս հետքերը կգլորեմ ազդրերովդ վեր…
Երբ գամ`
Կարհամարեմ դժգոհությունդ ծիծաղիս աղբանոցով ու չեմ հպարտանա մերկ կրծքովս, որը չեն զարդարում անգամ ոսկեջրած շքանշաններս…
Երբ գամ`
Ականջ կդնեմ ձեռքերիդ ու կսափրեմ` ինձ ճանկռել փորձող եղունգներդ…
Երբ գամ`
Անունդ չեմ տա. անունդ կվերցնեմ ու հեքիաթիս շալվարի համար կոճակ կսարքեմ…
Երբ գամ`
Կհագնեմ երբեք չհագած ծաղիկ եփելու գազօջախիդ խալաթը ու թույլ կտամ պատռելով հանես…
Երբ գամ`
Գրադարանիդ փոշին կլցնեմ ջրհորի տեսքով թխվածքի վրա ու կխանգարեմ փչես հոբելյանական մոմերը…
Երբ հասնեմ … հաստատ կտևենք միասին… ու անպայման կշատանանք հետո…

18 мар. 2009 г.

Ես` Դու` Մենք

Դու կա՛ս,
կա՛ս,
կա՛ս,
Դու կա՛ս իմ մեջ,
իմ մե՛ջ ես դու:
Դու չես չքանում.
Դու շատանում ես,
Դու աճում ու մեծանում ես,
Ինձ հետ ապրում ես դու,
Դու՛,
դու՛,
դու՛:
Դու ծնվում ես ամենօր
Ինձ հետ ամենուր արթնանում ես:
Եվ ամենուր,
ամենու՛ր,
ամենու՛ր
Ամենուր ինձ հետ ես դու,
Ու ես քեզ հետ եմ,
Հետդ,
հետդ,
հետդ:

Դու կա՛ս,
կա՛ս,
կա՛ս,
Իմ մե՛ջ ես,
հետս.
Ինձ հետ ես, իմս,
Իմս,
իմս,
իմս:
Դու ինձնով սկսվում,
Ինձնով ավարտվում ես,
Դու՛,
դու՛,
դու՛:
Դու սիրու՛մ ես ինձ,
Ես սիրու՛մ եմ քեզ,
Քե՛զ,
քե՛զ,
քե՛զ:
Դու չկա՛ս ինձնից առանձին,
Ես չկա՛մ քեզնից անջատ.
Մենք իրարով ենք այսպիսին.
Մե՛նք,
մե՛նք,
մե՛նք:

Ես սիրում եմ քե՛զ,
Սիրու՛մ եմ,
սիրու՛մ եմ,
սիրու՛մ եմ,
Քե՛զ,
քե՛զ,
քե՛զ:
Ես ապրվում
ու ապրում եմ քեզնով.
Հաշվիր ժամանակը`
Երբ ենք մենքվելու,
Երբ,
երբ,
երբ:
Դու՛ քեզ մո՛տս պահիր,
Մոտս,
մոտս,
մոտս,
Ու կրկնիր ինձ հետ,
Կրկնի՛ր,
կրկնի՛ր,
կրկնի՛ր`
Մե՛նք… մե՛նք… մե՛նք…

7 мар. 2009 г.

Սե՞րը

Սերը` իմ այս սևագիր ձեռագիրն է...
Սերը` քո այս տողերը կարդալու անհամբեր ցանկությունն է…
Սերը` ինձ քիմիապես հետազոտելու քո հետաքրքրությունն է…
Սերը` քո ինձ հպվելն է…
Սերը` քո մեջ իմ ջերմությունն է ու ծավալը ինձնից…
Սերը` քո ինձ խճճելու չարությունն է…
Սերը` քո չարաճճի ակնարկներն են ինձ մերժելու…
Սերը` քեզ ամուր գրկելու իմ թուլությունն է…
Սերը` քո գոգավորություններն ամենուր զգալու իմ անհամբերությունն է…
Սերը` քո նախնական դիմադրությունն ու կամակորությունն է…
Սերը`գիշերվա ուշ ժամին գազօջախիդ մոռացված վառվող կարտոֆիլի տապակայի հոտն է…
Սերը` թերություններս երեսովս տալդ է…
Սերը` հանդիպումից ուշանալն է…
Սերը` քո շրթներկի հաստությունն է պարանոցիս…
Սերը` ինձ համար սուրճ պատրաստելիս` քո երգելն է…
Սերը` ատլասե ճերմակ գիշերանոցիդ` ազդրերիդ հպվելը, իմ դիտելու տևությունն է…
Սերը` օրը ցերեկով բացօթյա սրճարանում իմ ցուցաբերած անհամությունն է…
Սերը` կուրծքդ ծածկող հագուստիդ բացվածքին նետված իմ անկուշտ հայացքն է…
Սերը` տրանսպորտում անհարմար պահին ինձ գրգռելու քո չարաճճի սովորությունն է…
Սերը` ինձ մոտ քո ինքնուրույնությունը ցուցադրելու ճիգն է ու ինձ անընդհատ սխալեցնելու ջանքերդ…
Սերը` բութ մատովս քո շրթունքները շոյելն է…
Սերը` դնչիդ տակը համբուրելու իմ խնդությունն է…
Սերը` ձեռքերիս և էլի ուրիշ վերջույթներիս հանդգնությունն է…
Սերը` լողանալիս իմ ձեռքերով ինքդ քեզ շոյելու քո սովորական գժությունն է…
Սերը` քո հանդեպ իմ կոպտությունն է…
Սերը` հեռախոսիս քո զանգին կցված քո նկարն է…
Սերը` քո ինձ թողնելու քո կարողությունն է ու հեռացումիդ հանդեպ իմ անտարբերությունը…
Սերը` առանց պատճառ ինձնից կարճ խռովելդ է…
Սերը` առերես հերքելդ ու թաքուն կարոտելդ է…
Սերը` իմ կիսատ թողած հացի պատառը քո ախորժակով ուտելն է…
Սերը` հատուկ ինձ համար գնածդ հողաթափերն են, որ ննջասենյակումդ ես պահում…
Սերը` մեր միասին լինելու անհնարինության մասին քո բազում դիպուկ օրինակներն են ու իմ անտարբեր քմծիծաղը դրանց հանդեպ…
Սերը` ես եմ ու դու…

Սերը` այսքանն է,
Եթե տևում է թեկուզ կես օր կամ կես գիշեր…
…Հետո էլ չեմ սիրի քեզ…
Երբ քեզնից էլ կշտանամ, կգնամ.
Մի քիչ էլ այսքան շատ ուրիշներին սիրելու…
Ու տեսնեմ` եթե սա չէ, ապա էլ ո՞րն է սերը…

* * *
Սերը` քո հեռախոսազանգն է այս տողերը կարդալուց հետո
Ու քո լռությունն է, երբ կասեմ. «Լսում եմ, …ը~ս»
Սերը` միաժամանակ մեր պոռթկուն ծիծաղն է լռությունից հետո…

Ես քեզ կսիրեմ այնքան, որքան կուզեմ…

6 мар. 2009 г.

Հերթական զգուշացումը կամ երազամկանի կծկում

«…Մահն արագ, առանց ետ նայելու
Ու առանց թարթելու խիղճը,
Վազում էր դեպի հայրենիքս…
-Կանգնի~ր, պոռնի~կ, քեզ ո՞վքեր վճարեցին
Ու ի՞նչերի հաշվին…
Քեզ ո՞վքեր են ասել,
Որ հայրենասիրությունն արդեն հիմնականում,
Դարձել է գովազդային նյութ…
Ու հայրենիքը շատ դեպքերում սիրում են` ի պաշտոնե…
Կանգ առ, պոռնիկ,
Քեզ ո՞վքեր են նման հասցե տվել,
Ո՞ր ... (…. անընթեռնելի ….) …-
…Ետևից շնչակտուր հասա,
Մատներս զզվանքով կոկորդը խրեցի…
Խռխռաց, բայց էլի փախավ…»

Սփրթնաց արթնացա հանկարծ
Ու քրտնել էին անգամ ոտքերս…

Անուն ու լռություն

Այսուհետ ես ուզում եմ,
Որ այսպես լինի ամենաճշմարիտ բանաստեղծությունը.
Անուն ու բազմակետ...
Իսկ մնացյալը`
Բազմակետ և անուն,
Թող լինի ընթերցողը...

Ես այսպես ուզում եմ լռել չլռելով...

Ամենալավ զրուցակիցը նա է,
Ում կողքին կարող ես լռել`
Չմտածելով խոսելու մասին...

Հիմա իմ ուզածը ընդամենը սա է...

5 мар. 2009 г.

Քաշովս մեկ ու մատներիդ հաստությամբ գարուն է նստել սրտիս…

Գարունը ինձ ի՞նձ ինչ:
Գարունը թող ձեզ լինի.
Ես առանց նրա էլ, սիրում եմ արդեն…

Ես ձախ ձեռքով եմ նկարում քո գոյությունը ինձ մոտ,
Իսկ աջով խանգարում եմ սիրո չեզոքությանը միջամտել…

Ես չարանում եմ անափ չարությանս հանդեպ
Ու մանուկի հանդեպ չարաճճի` սրտիս թիկնած…
Ես ձախ ձեռքով եմ ձեռքդ բռնում ամուր.
Աջս խոնարհում եմ գոյությանդ…

Ես ճաշակել եմ երևի
Աշխարհի բոլո~ր երազները արդեն…
Շոշոփել եմ բոլոր եզրերը սիրո` փափուկ, թե կարծր…
Ու ջլատել սթափությունս կյանքի հանդեպ
Երազներով իմ սնվելու փորձից համառ …

Ես ձախ ձեռքով եմ ընձեռնվում քեզ.
Աջով ցույց եմ տալիս ճանապարհը…
…Ես դեռ կիսատ, ծվատ
Ու դեռ հյուծված եմ հետդ խաղում,
Հաղթիր ինձ, գարուն, քանի քնած եմ…

Դուք չե՞ք հոգնել, մարդի~կ, բանակցային սիրուց…

4 мар. 2009 г.

Քեզանից անկախ, առկախ իմ կամքից

Իմ բանարարումը հոգիդ քորելու խրթին միջոցն է,
Բայց զգույշ քորիր`
Հանկարծ ճպատռես գաղտնակարերդ
Ու վերքեր չանես…

Ես սովոր եմ գարունը գրպանումս պահել,
Ու ճակատս երբեմն սրբել ծովերից…
Երկնքով փաթաթել գարնանաչափ մարմինս
Ու քեզ հետ խոսել Գառնիկերեն…

Իմ աչքերը քո հոգու վեկտորներն են
Մատներս` երազաշիվերդ…
Ու ինձ հետ լինելով`
Դու քեզ միշտ գարուններ ես խոստովանում…

Ես միշտ քո խտությունն եմ
Ու փոփոխվում եմ հաճախ
Քո իսկ ջերմությունից…

Իմ բանարարումը հոգիդ քորելու խրթին միջոցն է
Այս պահին և միշտ, հավիտյանս…

…Իսկ Ես բնության ընծան եմ աշխարհին,
Ինձ ոչ մերժել է կարելի,
Ոչ չհավատալ…

Սննդարար ու անարդար հիշողություն

Գիշերվա որ ժամին ասես,
Նման բան կարող է պատահել…
Ու հատկապես հիմա,
Երբ մտքերիս տարօրինակ լինելու պահն է…

Ես քեզ հիշում եմ այժմ՝ ինձ շոշափելու պես
Ու ժպտում եմ, որ ափսոսումդ չզգաս…

Դու ո՞նց էիր ինձնից բարձրահասակ այդքան
Ու այդպես հեշտ գրկումս ծվարում
(ու թվում էր քեզ պես տասն էլ լինեին,
կշարվեին հերթով ծնկներիս):
Ու ո՞նց էիր ինձնից դու այդքան մեծ
(չեմ էլ հիշում քանի տարի)
Ու այդպես փոքր էիր ինձ հետ լինում,
Որ քեզ նման, ոչ մի մատղաշ անգամ,
Գրկումս չի դողդողացել…

Սիրու՞մ էիր…
(սսս…, լռիր, պետք չէ…)

…Դու սիրում էիր շոյելով
Մազերիս գույնը փոխել,
Շրթունքներով թարթիչներս պոկել,
Երբ գլուխս խայտում էր գոգիդ…
Ու ոտնաթաթով շոյել շոշափելիքս,
Երբ քեզ մոտ ընթրում էինք…
…Պաշտում էիր այտերով շուրթերս համբուրել,
Ինձ խելքահան անել քո կարճ սանրվածքի բույրով…
(այն էլ ո~նց եմ հիշում)

… Հիմա դու ինձ հիշում ես շոշափվելու՞ նման:
…Ես եմ մեղավոր, բայց ատում եմ քեզ տեղը տեղին…
Ու դեռ որքա~ն պիտի այլոց էլ այդպես սիրեմ,
Որ ինչպես քեզ, ատեմ մարդավարի…

(…գիշերվա որ ժամին ուզես)
Երբ ինձ հիշես, ժպտա,
Որ ափսոսանքս չզգամ…

Հավատալու փորձ

Արածիս համար չզղջալու ուժս
Վատնում եմ ահա
Չհավատալու հակումս իմ մեջ խեղդելու
Անօգուտ փորձի վրա…

Մինչ բախտիս հիշողությունն
Իր չարաբաստիկ փոսն է լցնում
Իմ հիասթափությունների որոտներով,
Ես դարձյալ հավաստիանում եմ,
Որ էլի չկա առիթ հավատալու…

Բայց ես այնքա~ն եմ ուզում հավատալ,
Որ հավատի մասին բանաձև եմ անգամ հորինել,
Որտեղ հավասարումից ձախ
Անցյալում ցրածներս են,
Իսկ նրանից աջ`
Գալիք փլուզումները դատարկությանս…
Ներկան էլ տեղադրել եմ
Անհայտների փոխարեն…

Արածիս համար չզղջալու ուժս
Անտանելի աճում է…

Ոգեպատառ

Հետո դու կհասկանաս,
Որ տիեզերքդ անծայր,
Ուղիներդ բազում,
Կյանքիդ բոլոր~, բոլո~ր անեզրությունները տկար,
Բոլոր մղումներդ ու ձգտումներդ զորեղ,
Բոլոր կրքերդ ջղատ,
Բոլոր հղումներդ հանուն սիրո,
Բոլար վաստակներդ նեղ օրերում
Հանուն ոչնչի դու սպառել ես` սակայն
Դեռ այդ ամենին չես հավատում...

Հետո կճանաչես,
Ինքնությունդ անէ ու անկարող,
Դերդ անես ու անփարատ…
Ու կհասկանաս,
Որ փնտրածդ անգո չի եղել այնպես,
Ինչպես կարծել ես շարունակ…
Հետո չես հավատա,
Որ վատնածդ իզուր,
Աննպատակ, անկամ, սակայն եռուն,
Գույությունն է` որպես
Այս քաոսից պտղած
Մի շիվ ոստոտ ու անբերրի,
Որ կորել է անդարձ`
Որպես քամի անցորդ...

Հետո մի պահ նորից
Հուսավառմամբ մի նոր
Թևեր կառնեն նորից
Մղումներդ բոլոր,
Նորից կբարձրանան
Դեպի վեր ու հավերժ
Կթևածեն` որպես
Երամները զղջման…
Հետո դու կժպտաս խրոխտ,
Որպես երկնի փարոս
Ու կվառվի կրակդ
Հավատամքի ոգու…
Հետո սպասումներդ բոլոր
Կհեռանան քեզնից,
Որ գալիքի համար
Սերմնացաններ դառնան…
Հետո կծիծաղես անգամ
Դու ինքդ քեզ վրա`
Պատառոտված բախտդ
Առած ափերիդ մեջ
Ու կափսոսաս, սակայն
Արդեն ուշ կլինի…

Բազմակետերը երբեմն կախման կետեր են

Բազմակետերն են դարձյալ
Բռնում կոկորդս,
Իսկ նրանց շարունակությունները,
Որոնց դեռ անուն չեմ տվել
Փաթաթվում են ձեռքերիս…
Ու հատ-հատ, կետ առ կետ
Ինձ մոլորեցնում են ավելի,
Քան իրենց առաքինությունն է…
Շնչահեղձ պիտի լինեի,
Եթե գոնե ձեռքերս չազատվեին…

Բազմակետերը շատանում են ոտքերիս տակ…

3 мар. 2009 г.

Բա ինչ

Միասին գարունը նշելու հրավերդ ընդունեցի միանգամից.
Վաղուց … չէի զգացել…
Քեզ պատրվակ էր պետք, ինձ էլ` նման առիթ…
(Չնայած մեկ օր է արդեն ուշացել էիր.
Դու էլ բոլորի պես ուշանալու գիժ ես…)

Չընդդիմացա, եկա…
…Բնակարանը մենակ էր քեզնով…
Ծաղիկների հոտ չէր գալիս, չնայած ջանացել էիր
Նաև ծաղկավոր խալաթով…

…Սկզբում, չգիտեմ ինչու՞, հո առաջինը չէ՞ր…,
Փշաքաղված մարմինդ օգնում էր,
Որ մի տեսակ անտարբեր հայացքս հեշտ մագլցի քեզ…
…Վերջում, արդեն գիտեմ ինչու…,
Մի հնաբույր ջազ էլ ավելի էր թմրեցնում ինձ
Ու ճմրթված սավանի տված քորը նյարդայնացնում էր…

…Հետո սուրճ, թխվածք…ու…
Ժամն էր գնալուս…
Դու խոնարհվեցիր (բա կխոնարհվե~ս…),
Ես էլ անմակդիր համբույրդ ընդունեցի
Այս անգամ առանց ձգվելու քեզ...
(չզարմացա, որ շեմից էլ դուրս չեկար)

* * *

… Գարունը նշեցին’ք.
(Ծիծաղում եմ հիմա ավելի շատ ինձ…)
Գարունն էլ մեզ նշե’ց
(Քրքջում եմ արդեն…)

2 мар. 2009 г.

Չգիտեմ

Չգիտեմ…
Սակայն մի բան
Թևում է ներսումս`
Լսում եմ նրա թևաբախումը…
Չգիտեմ…
Սակայն մի բան էլ
Կոտրվում է մեջս`
Էլի լսում էմ ճարճատյունը նրա…
Չգիտեմ…
Երանի մարդու ականջները
Լսեին ջոկ-ջոկ…
Չգիտեմ, որ ականջս փակեմ,
Ու որ ափով…

Դու իմ սպասումի վաղակատարն ես

…եթե Քեզ համար արված Աղոթքներս գոնե Վայրկյանը մեկ Տեղ հասնեն, Դու և Աստված Ինձ կհասկանաք…

Երբ ենթադրությունները հպվում են նախախնամության թիկունքին,
Համոզմունքները ծնկում են պատահականությունների առաջ:
Իսկ պայմանականություները սկսում են ստորանալ…

* * *

Բառատում եմ սերս քո հայացքում
Ու թաքցնում եմ հեկեկոցս ծոցումդ…
Իսկ մեջքս դեմ եմ տալիս հավանական մերժումիդ…

Ես այդպես էլ չսովորեցի համբերել
Ու կարծում եմ արդեն ուշ է բավականին:
Բայց դեռ մանուկ եմ համառությամբ
Ու քո իմը լինելու միտքը կկրկնեմ այնքան,
Մինչև ինքդ քեզ կհավատաս.
Որ դու ես այդպես կամեցել…

Ես կանչում եմ քեզ բոլոր ձայներով
Ու կարոտս հունցում եմ քո ջերմությամբ:
Կոծկում եմ հեծկլտախառը քրքիջս ափերիդ մեջ
Ու կուրծքս դեմ եմ տալիս հնարավոր հեռացումիդ…

Ահա, տալիս եմ քեզ հավատիս վերջին կծիկը:
Թելիր հոգեբողբոջներովդ ու կարկատիր հույսս…

* * *
Երբ սերը մխրճվում է անգամ ծնկներիս մեջ,
Համբերելը անհնար է...

1 мар. 2009 г.

Ես երկու անգամ գարնանն եմ ծնվել

(Երբ կարդալդ ավարտես, անպայման ինձ մի հնարով զարմացրու...)

Մնացել է որոշենք դեպքի պահն ու վայրը...

Դու կգաս` մի բախտ խորքից գարունը շուրթերիդ հարդարած:
Կնստես:
Ուշադիր կզննես ուշադիր հայացքս:
Կզարմանաս ինքդ քեզ վրա, թե ինչու՞ հենց հիմա
Սկսեցիր հետևել երեսիս խալերին:
Ու չես հասկանա, որ դրանք
Քո մասին երազանքներիս խտանյութից
Կաթիլներ են դեմքիս ընկած...

Դու կքչփորես աչքերս...
Կհայտնաբերես, որ թեթև հայացքս էլ անգամ քեզ ուղղված,
Կրճատ կարոտ է ու համառոտ սեր...

...Կլռենք...
Իսկ հետո ես վարանոտ
Կխլեմ ձեռքերդ գարունենի,
Ու կասեմ այն,
Ինչն ասելով չի...

Հետո ամբողջ էությունդ նվիրում կարտաբերի
Ու գարունորեն դու կհղվես ինձ...

... Դու անունս կտաս ու կլռես:
Ես կփաղաքշեմ լռությունդ քո անունով`
Քեզ հասկացնելով,
Որ անունդ անունիս վերնագիրն է...

* * *

Դե՞... անգիր արա ինձ,
Կարոտիր անհունորեն...
Չէ՞ որ մնում է միայն
Որոշենք պահն ու վայրը...

27 февр. 2009 г.

Եվ այս ամենը իհարկե առանց քեզնից հարցնելու...

Ոտքի վրա վատնում եմ պարապությունս`
Խորհելով ոչ այնքան քո գոյության մասին
Եվ մեր իրար պատահելու,
Որքան իմ հրճվանքի անհեթեթության
Եվ այն պարապության,
Որը հիմա իմ ամենածանր զբաղմունքն է…

Դու լցնում ես իմ դատարկությունը
Քո դատարկությամբ,
Եվ ավելի ու ավելի է մեծանում այն,
Ինչը բառացի կոչում են կարոտ,
Իսկ ձեռանց` կարիք...

Կարիքները շատանում են, երբ
Մարդ վատնում է եղածը…
Բայց կարիքները նաևՍտիպում են գտնել հնար:
Ես վատնել էի... ու հիմա հնարը դու ես...

Ոտքի վրա, կանխորոշված պարապը վատնելով,
Ենթադրում եմ,
Որ հենց կրկին հանդիպենք,
Ես կգրկեմ քեզ այնքան պինդ, որ կցավեվնեմ մեջքդ
Ու կհամբուրեմ ձախ այտիդ այն հատվածը,
Որը ամենամոտն է շուրթերիդ`
Այդ պահին ընձեռնված հնարավոր տևողությամբ:
Մտածում եմ, որ գուցե դու այդ պահին
Իմ անսպասելի արարքից կշփոթվես
Ու մինչ վճռես ինչպես վարվել,
Ես կզգամ մատներիդ հպումը ծոծրակիս,
Ու շնչառությունդ ձախ ականջիս տակ…
Ճիշտ է, այդժամ ես կհասկանամ, որ համբույրս ընդհատվել է,
Բայց կհայտնաբերեմ, որ ինձ գրկել ես…

Չարաճճի ժպտում եմ ու շտապում դեպի քեզ...

24 февр. 2009 г.

Գարունն ինձ ընդառաջ

(Խորհուրդ է տրվում փայփայել թարմ ու լուսավոր սրտերում
և կարդալ գարնան թույլտվությամբ, իմ ձայնով ու իմ շնչառությամբ
…)

Ես զբոսնում եմ գարնան երկայնքով…
Եվ գարունը գայթակղված իմ զբոսանքով
Ոգևորվում է էլ ավելի ու էլ ավելի է մոտենում ինձ…

Ես թերթում եմ գարնանային թարմ արևաթափը ներբաններով,
Եվ ոտնահետքերս փշաքաղվում են գարնան անմիջականությունից…

Զբոսանքս դանդաղում է ոտքերիս տակ
Եվ արագանում գլխիցս վեր…

Ես հիշում եմ գարնան մոր ժպիտը
Եվ ակամայից ինքս էլ ժպտում…
Դա օգնում է, որ գարունը սրտապնդվի
Ու սկսի ինձ դուր գալու փորձեր անել…

Ես արձակում եմ երազանքներիս կոճակներն
Ու հանում հրեշտակների փետուրներից
Գործված գուլպաներս…

Գարունը պղպջում իմ աչքերում
Ու սերը խելապատառ նետվում է գիրկս…

Գարունը հարբած իմ հոգեթուրմով
Փարվում է կրծքիս…
Ես գերազանցում եմ գարնան բոլոր սպասելիքները,
Ու նա փշաքաղվում է իմ ներկայությունից…

24 янв. 2009 г.

Մեջբերում «Գրքի» Շապիկից

Ես ծնվածս օրվանից Գառնիկ Սարգսյանն եմ:
Վկան` տողերս ու Դուք:
Ես բանարար եմ կամ բանարարող,
Բայց բանարարությամբ դեռ չեմ կարողանում հացս վաստակել:

Գրելը չեմ սկսել ոչ վաղ, ոչ էլ հասուն տարիքից.
Ես պարզապես շարունակող եմ,
Որովհետև սկիզբն ունի վերջ, իսկ ինձնից հետո
Ինձ էլ են շարունակելու...

Ես դեռ չունեմ հրատարակած բազում գրքեր հետևալ վերնագրերով.
«Մարդաշունչ», «Ի քեզ», «Թռչող կամուրջներ»,
«Նրա ժպիտը ոնց էլ շուռ տաս, ժպիտ է էլի»,
«Կանայք կին լինելու համար են», «Արցունքի քրքիջը»,
«Նիհար գարուն», «Որդեգրված հայրենիք»,
«Վերջի ծնունդը», «Միջանկյալ սեր»... և այլն:
Հետևաբար այս ամենից հետո, ես չեմ էլ թարգմանվել
Աշխարհի ամենատարբեր ու բազում լեզուներով, նույնիսկ մեռած:
Ու զարմանքով եմ նայում բոլոր նրանց,ովքեր նախանձով են նայում
Ինձ առաջին անգամ ընթերցողին:

Էլի հետևաբար չունեմ խցան մրցանակներ ինձ շնորհված`
Հյուսված դափնիներից կամ սաղարթներից:
Չունեմ Միջտիեզերական Տարօրինակ Գույնի Պատվոգրեր :
Իմ բանարումները մինչև հիմա դուրս չեն եկել
Ինչ-որ երկրների կամ ժամանակների սահմաններից,
Որովհետև ես ի սկզբանե ոչ մի սահմանների մեջ չեմ եղել:
Ես չեմ հանդիսանում
Համաշխարհային Գրազգացումների Ակադեմիայի Պատվավոր Անդամ
Եվ չեմ ղեկավարում Վերացող Հռչակավոր Միություններ,
Որովհետև ես չեմ տառապում այն հիվանդությամբ,
Որից ինքնասիրությունը փոխակերպվում է եսասիրության:
Ու զարմանում եմ, թե մարդ ո՞նց կարող է խանդել ինքն իրեն...
Ես չեմ հանդիսանում Նոբելյան Մրցանակի առաջադրված
Բազմահազար գրողներից մեկը:
Ու տեսնես, քանի՞ գրող կա աշխարհում...
Չունեմ նաև ոչ մի տիտղոս և Հերթական Գիտական Աստիճան :
Եվ իմ մասին սիրով ու մեծարանքով
Չի արտահայտվել ոչ մի նշանավոր անձ,
Որովհետև նման անձիք չունեն դրա կարիքը:
Ու դարձյալ հետևաբար ես չեմ դասախոսել
Ոչ մի Թագավորական Ակադեմիաներում,
Որովհետև ես չգիտեմ կաշառվել:

Եվ վերջապես` ոչ միայն այսքանը...

Ես Գառնիկ Սարգսյանն եմ` բանարար...
Կամ ինչպես երբեմն նա է ասում ինձ` ԽելաԳառնիկը...
Ամենից շատ այս աշխարհում ուզում եմ մայրս միշտ առողջ լինի,
Որ հայրենիքումս անսասան խաղաղություն լինի,
Որ դեռ չծնված զավակիս դեռ իմ չճանաչած մայրը
Ժպտա հատուկ ինձ համար գոյություն ունեցող ինձ կազդուրող ժպիտներով...

Ահա և ոչ բոլորը...

8 дек. 2008 г.

Սիրտս բացել եմ

Սիրտս բացել եմ,
Գալիս ե՞ս, դե ե’կ,
Կուզե՞ս քո գալու ճանապարհներին
Մաշված ափերս որպես ուղեգորգ
Փռեմ ոտքիդ տակ,
Մատներս սանդուղք սարքեմ քեզ համար,
Աչքերս` լապտեր,
Բերանս` զանգակ,
Որ չմոլորվես,
Որ չվախենաս ճանապարհների ավերակներից…

Սիրտս բացել եմ ահա քո առաջ,
Եվ որպես սրտիս մի նոր բնակիչ
Դու մտիր այնտեղ,
Ոչ որպես կրկին մի իջևանող,
Ով ներս է մտել իր ցրտահարված
Սիրտը տաքացնի, նորից հեռանա…

Դու այնտեղ մտիր տանտիրոջ նման…

Սիրտս բացել եմ…
Ոչ թե երդիկից,
Հենց դռնից մտիր,
Ներս արի, նստիր:
Ծունկս քեզ աթոռ,
Կուրծքս` հենարան,
Հոգիս` թթվածին…

Դե հիմա, պատմիր,
Տեսնեմ շաղ տված մարգարիտներս
Ճանապարհների ցեխից ու կեղտից
Շա՞տ են խունացել…
Որ էլ շաղ չտա՞մ,
Եթե ուզում ես ամուր բռնվիր մարգարտաշարից,
Որ չխճճվես ավերակներիս լաբիրինթոսում,
Ու … Գալդ Բարի

Սիրտս բացել եմ…
Գալի՞ս ես, դե ե’կ…

Մոտ եկ

Մոտ ե՛կ,
Մի՛ հապաղիր
Եվ ուշադիր հապա նայիր,
Թե աչքերս ո~նց են կրքեր շատրվանում,
Ցիրուցանվում առ հայտնություն
Դեպի կարոտներիդ ոստանը ջերմ…
Ու ցայտում են հույզեր վարար,
Որոնք պիտի ձգվեն հետո
Քո աչքերի միմյանց հատվող առանցքներով...

Մոտ եկ, հապա,
Ահա, նայիր,
Թե ժպիտս ո~նց է այսպես գծագրում
Քո ժպիտի երկվորյակը,
Ո~նց է ծաղկում իմ շուրթերին
Քո ժպիտի նմանությամբ,
Ու ամբարուվում որպես
Շքեղ մի հանդերձանք,
Որը պիտի պատվով կրեմ
Համբուրվելու ծեսից առաջ...

Հապա մոտ ե՛կ,
Ի~նքդ նայի՛ր,
Տե՛ս, ափերս քո ափերի հետքն են փնտրում,
Քո ափերի, որտեղ պիտի
Իմ շուրթերը քուջուջ անեն
Հետո կռթնեն դաստակդ ի ցած,
Զարկերակդ հոտոտելով...

Հապա նայի՛ր,
Չե՞ս նկատում,
Ձեռքերս` դատարկ,
Շուրթերս` պարապ,
Ժպիտս` անձև...
Մոտենա՞մ...

2 дек. 2008 г.

Աշնանային բեկորներ

1.

Անձրևը ճոճում է մեր տրամադրությունը՝
Այն բարուրելով իր ցանցաձև ափերով,
Հետո՝ երբ կարծում է թե նիրհել ենք՝
Շնչելով իր բույրն թախծաբեկոր,
Շոյում է մեր համբերությունը,
Որ չզգանք ոչինչ...
Իսկ երկինքը չի զլանում երբեմն
Ու փռշտում է,
Որ հաստատի անձրևի ճիշտ լինելը:
Ու մենք դրան կոչում մենք որոտ...

2.

Անձրևը իր իշխանությունն է թելադրում բնությանը՝
Իր տիրելու մարմաջն է հաղորդում հողագնդին...
Անցնում էր նաև աշնան հախճապակե արահետով
Անձրեվային մի նոր աստվածուհի՝
Իրեն, որպես տիտղոս շնորհելով մարդկային հրճվանքով...

3.

Մինչ աշնան քամին մոլորակի ականջին
Իր կենսագրությունն էր փսփսում՝
Մեկն էլ փորագրում էր երկնքի դեմքին
Գիշերների դարպասների հասցեն...
Հետո հոգնածության նախանշանները սկսեցին ի հայտ գալ
Նաև ամենանեղ անկյուններում.
Մեկ է ամեն ինչ նույնն էր մնալու,
Ի՞նչ պիտի փոխվեր...

4.

Ու պատմում էր մեկը գաղտագողի
Այն գիշերվա մասին,
Որ քամին ու անձրևը շատ են սիրել իրար`
Քողարկվելով գիշերվա տակ,
Աստղահյուս այն սավանով,
Որի ծոպերը հորիզոնի
Անվերջությունն են գծագրել...

5.

Հետո, քանի որ աշուն էր նաև առավոտյան,
Նկատեցի ինչպես նույն թռչունի անթարթ աչքերի մեջ,
Աշունը չեր ուշացել ու այնտեղ էր նաև նա թփրտում...
Դրանից բացի, աշուն էր լցված պռնկեպռունկ
Փողոցների ու ծառերի ափերի մեջ...
...Կան թռչուններ, որոնք
Հակառակ են չվում` տաք տեղերից սառը միջավայրեր...
Ես դա տեսա հիմա, որովհետև
Ներսում էլ է աշուն...
Հետո հիշեցի բաներ, որոնք դեռ չեն եղել...

...Էլի ուրիշ բեկորներ...

Չէ, չեմ հեգնում… շոշափում եմ լռությունդ

Ես պարապ-սարապ նայում եմ քեզ…
Դու չգիտես որտեղ թաքցնես հայացքիդ
Իրական արտահայտությունը,
Որ կեղծը հագիդ լավ լինի,
Բայց ես արդեն որսացել եմ
Եղած-չեղածդ,
Որի մեղավոր լռությունը չեմ կարդում,
Բայց ցույց եմ տալիս,
Թե անգիր գիտեմ,
Որովհետև ինձ այդպես էլ չլքեց
Մարդկանց դրության մեջ մտնելու հատկությունս…
Դու էլի չես հասկանում ժեստս,
Որ գնահատես այն,
Բայց չես զլանում դարձյալ բողոքել,
Որ ե՛ս քեզ չեմ հասկանում:
Գնալով անտանելի չի դառնում քո այս
Թոքաբորբ լռությունը,
Որովհետև
Դու արդեն մի բուռ աղմկաբեր
Հաբ ես կուլ տվել,
Որը չի օգնում…
Երևի անգամ
Ուզում ես ապտակել,
Բայց դու դա չես անի,
Որովհետև դեռ կարծում ես,
Որ ապտակելուց
Այտերիս ձոնված
Քո համբյուրները կթափվեն
Ու կկոտրվեն.
Էլի քո մասին ես մտածում:
Երևի մինչ այս ամենը ենթադրել ես,
Որ պարապ-սարապ լռությունը
Կփոխարինվեր նույնքան
Պարապ գրկսեղմումով`
Թեև ոչ պաշտոնական,
Բայց գոնե ձևական:
Ու դու ստիպված չէիր լինի
Համտեսել ամենօրյա հնությամբ լռություն:
Ու մենք կբաժանվեինք ընդհամենը
Մտածված հոգոցներ փսխելով…
Էլի քո մասին ես մտածել:
Իսկ գիտես, թե ես ի՞նչ եմ մտածել:
Ես մտածում էի, որ դու չէիր գա,
Որովհետև չէիր վախենա
Անդառնալի կորող սնափառությանդ համար…
Դե՞, ինչու՞ ես լալիս:
Էլի՞ քո մասին ես մտածում…

Վերնագիր պետք չէ

Խլացել ե՛ս,
այդ պատճառով,
համրի լեզվով եմ
դիմում քեզ
ու ավելի շատ
զբաղվում եմ,
քան թե խոսում,
ու ընթացքում`
սկզբից
մինչ վերջ,
քմծիծաղում

Ծայրաստիճան հեռու քո գոյությունը
Մեջքով հպվում է
Անսաղավարտ մեջքիս
(Ես փոքրուց եմ մեջքով զգալը հասկացել,
Բայց քեզ նման մեջքով խոնարհվել
Չե՛մ կարողանա…)
Ու պատսպարում է ինձ անցանկալի
Ու կոշտ
Մոտիկ քամիներից…
Ու զգում եմ ես քո գոյությունը թիկունքից:
Քո կարիքը չեմ զգում արդեն,
Բայց քո` միշտ ուշացող
Հանդիմանանքը, տեսնում եմ`
Թիկունքիս ուղղված
Առ այն,
Որ հեռանալուցդ առաջ
Մեկ անգամ ևս չպնդեցի, որ մնաս…

Հա՛, ես զգալուց բացի հասկանում եմ նաև
Քո խորություններում
Թավալգլոր եղող
Կենտ հպումի ցանկությունդ`
Անկախ` իմ պատճառով դարձյալ քեզ չլքող
Քո վնասակար հպարտությունից,
Կախված` իմ չնվազող ցանկություններից`
Տեղավորված որտեղ պատահի,
Բայց ժամանակավոր…

Ու չեմ կարող շրջվել,
Որովհետև ծայրաստիճան հեռու է
Քո՛ գոյությունը…
(Իսկ ձե’ռքս ինչու՞ չես թողնում…)

Հենց խլությունդ անցնի,
Միգուցե երգեմ էլ քեզ համար…
Երևի չհասկացար, հը՞,
Ափսո~ս այսքան ժամանակս...

Մասնավոր դեպք

Դու կարող ես ինձ տրվել ամբողջ մարմնով: Գիտեմ:
Ու դրանով, հավատում եմ, դու կտրվես ամբողջովին,
Որովհետև դրանից այն կողմ դու գոյություն չունես…

Քո ամբողջությունը, երբ շոյի վերջացնի
Ընդամենը մարմնիս խստաճաշակ քիմքը,
Դու ինձ էլ պետք չես գա
Ոչ որպես կին,
Ոչ էլ որպես մարդ…

Ուրեմն ես քեզ
Ոչ թե մերժում եմ,
Այլ ուզում եմ դու քեզ
Մասնավոր առմամբ մի քիչ մարդ զգաս,
Մի քիչ էլ կին զգաս
Առանց մարմնի…

Զարմանալի տարբեր

Կան տարբեր կանայք: Այսինքն`
Մի քանիսը ըստ տեսակի
Եվ շատերը` ըստ էության,
Մնացածը` ըստ նշանակության
Եվ այլն...

Նրանց մի մասը` ոչ զգալի,
Շատ տարօրինակ սովորություն ունեն:
Եթե ամուսինները նրանց դավաճանեն,
Վրեժից դրդված կդավաճանեն նրանք նույնպես,
Բայց ծածուկ կպահեն վրեժխնդիր արարքն այդ` դրդված վախից:
Սա այսպես է իհարկե, եթե այդ կանայք ամուսնացած են:

Հենց այս կանանց տեսակին կամ դասին
Պատկանում են նաև նրանք,
Որոնք թույլ են տալիս իրենց փոխարեն ընտրեն ոմանք,
Հաշվի չառնելով անգամ, որ այդ մեկ առիթն ունեն ընտրելու,
Հետո բողոքում են իրենց բախտից ում պատահի
Կամ երբեմն քչերին,
Բայց հիմնականում անծանոթ` ըստ տրամադրության:

Ու կան ուրիշ շատ ավելի տարօրինակ կանայք:
Նրանք վաճառվում են շատ դժվար, շատ թանկ, ցմահ ու հմտորեն`
Գրեթե սիրո հանգույն:
Եվ ծառայում են գնորդին միշտ հավատարիմ:
Բայց սրանց մի մասին է միայն հաջողվում
Կարգին գործարք կնքել...

Կան նաև ներքուստ միամիտ,
Արտաքուստ անկեղծ
Եվ ըստ բնույթի շատ անփորձ կանայք:

Բացի նշյալները և չնշյալները,
Կան այնպիսինները նաև,
Որոնց կյանքում ամենաշատ բանը փոխում է հայելին:
Ու սրանց մեծ մասը դուրս են սիրո ռադիոծածկույթից:

Ու կան էլի, էլի ուրիշ կանայք`
Զարմանալի տարբեր ու բազմաթիվ,
Բայց ընդհանուր առմամբ և մասնավոր դեպքում
Միևնույնն են նրանք, քանզի,
Երբ կինն է խոսում կնոջ ներսում,
Ինքն իրեն է ստում անգամ...

Ու կան շատ ավելի ուրիշ կանայք բազմապիսի,
Բայց հիմնականում կանայք լինում են`
Ըստ տղամարդկանց վերաբերմունքի...

* * *
Ու կան տղամարդիկ, որոնք
Շատ տարբեր են լինում...

Ով ոնց կարող է

Ինչ-որ ուշացած քաղաքավարություն
Գլխապատառ եկել
Ու թմփթմփացնում է ուսիս,
Որ լռեմ…


* * *
Հաճախ կամ երբեմն
Ես էլ կյանքում ունենում եմ որոշակի կանգառներ,
Որտեղ շատերի պես
Ես էլ նույնպես հանդիպում եմ բազմաթիվ աղջիկների կամ կանանց.
Ով ոնց կարող է…
Հիմնականում` որպես միապաղաղ կանոն,
Նրանք պճնված են լինում
Շատ նորաձև կոկետության վերջին ճիչով:

Բնական է. նրանց մեջ կան տգեղները,
Որոնց մասին վարկած կա, որ
Երկար են մնում հավատարիմ…
Ու կան նաև սիրունները,
Սակայն հիմնականում հյուծված շպարման ջանքից:

Կան նաև այնպիսինները, որոնք
Կուսանում են պարբերաբար
Ամեն հարմար առիթով,
Չնայած, ի ծնե կույս չեն եղել...

Շա~տ շատերը կան` չթվարկեմ:
Չթվարկեմ նաև նրանց,
Որոնց շալակած գոռոզության պարկերը
Թվում է ուր որ է կպատռվեն լիությունից
Ու իրենք էլ ողնաշարային բարդ հիվանդություն կվաստակեն,
Բայց ի~նչ լավ է գոնե չեն պատկանում նրանք
Ողնաշարավորների դասին …
Չթվարկեմ, քանզի
Ավելի հեշտ է ակնարկել միայն նրանց,
Ովքեր ընդամենը` իբր հպարտության,
Թեթև պարկեր ունեն ձեռքին պահած…

Դժվարանում եմ հիշել ազնիվ կանանց,
Չնայած կանանց դեպքում
Հիշողությունս ինձ չի դավաճանել:
Սակայն առանց լարելու պատկերացումս
Մտաբերում եմ բոլոր նրանց, ովքեր
Իրենց ինչպիսին լինելու համար
Մեղադրում են տղամարդկանց:
Ու թերևս ճիշտ են մեծամասամբ…

Պատահում են նաև հիասթապված կանայք:
Դա պատճառ չէ բնավ,
Որ սկսեմ տածել յուրահատուկ հարգանք նրանց հանդեպ,
Բայց առիթ է, որ խնայեմ…

Ես երբեմն,
Իսկ հիմա ավելի հազվադեպ
Հավատում եմ բացառություններին,
Բայց միայն այն ժամանակ,
Երբ ընթանում եմ…

Հաճախ ինձ չեն հավատում
Ու երևի ոմանք էլ ատում են ինձ
Այս ամենի համար…
Սակայն հոգու խորքում,
Եթե խորություն կա,
Իսկ եթե ոչ`
Ով ոնց կարող է,
Սիրում են ինձ…

* * *
Այստեղ մեջ է ընկնում
Իմ զմրուխտե քմծիծաղը
Ու ես շրջվում եմ
Մեջքով դեպի կանգառները,
Դեմքով` անհայտ բացառությունը.
Ու կորչում եմ…




28 окт. 2008 г.

Քառաթև պրելյուդ

* * * Էդուարդ Հարենցին

Ցավի, կարոտի, սիրո ու սպասման
Ամպրոպ է ձայնդ,
Որ կարկատում է
Բախտի ափերի
Աղոթակոլոլ հառաչանքները…

Հրեշտակների տեսողությունն է
Աչքերիդ գույնը,
Որով ներկվում են
Հույսի սպիները
Քո թարթիչների նյարդափնջերով…

Երազանքների լսողությունն է
Քո լռությունը,
Որով հևում են
Հեքիաթաբաշ ճերմակ նժույգները`
Բախտիդ կածաններով արշավելիս…

Շնչառությունդ
Աստծո հոգոցն է,
Որ ձայնագրում է
Ցավի, կարոտի, սիրո ու սպասման
Համբերությունը…

25 окт. 2008 г.

Սովորեցրու հավատալ

Ստուգիր, տեսնենք նորություն կա՞ գալիքից,
Թե չէ անցյալս կյանքս կերել է,
Ներկաս ձանձրացրել ու զզվեցրել է,
Ես էլ հոգնեցի այսքան սպասելուց…

Իսկ ինձ պետք չէ
Համբերություն ու սպասում…
Թե կարո՞ղ ես, սովորեցրու հավատալ.
Ես իմ ողջ կյանքի պաշար հավատը
Անփութորեն լռիվ վատնել եմ,
Որն այնքա~ն էր շատ,
Որ կհերիքեր
Հազար կյանք ապրող հարյուր հազարին…
Սակայն մի երկու իզուր առիթով
Իսպառ վատնեցի…
Ձրի էր տրվել. արագ վատնեցի:
Ու հիմա հաճախ ես խարխափում եմ,
Անգամ երբ լույսն է ձեռքերս բռնում,
Որ ինձ ուղեկցի…

Տված հավատիդ սերմերի դիմաց
Ես կվճարեմ ինչով կամենաս…
Ու թող չթվա թե ողորմում եմ.
Այդ փոխանակման փոքրիկ արդյունքից
Ինքդ ավելի շատ ձեռք կբերես,
Քան հիմա, իմ այս ծանր խոհերից,
Զարմացած միտքդ ենթադրում է…
Դու հավատ կտաս,
Ես` ինչ որ ուզես…
Բայց շատ բան չունեմ.
Միայն ցանկության ահռելի պաշար,
Հիասթափվելուց դեռ չմեռնելու մի վիթխարի ուժ,
Ու ապրելու կամք…
Դե հիմա ստուգիր
Ոչ թե նախնական միամիտ խնդրանքս,
Այլ քեզ մոտ ստուգիր`
Տե’ս հավատ ունե՞ս…

Բայց դու էլ հանկարծ ձեռքդ չտանես
Հագիդ վարտիքի նեղլիկ գրպանը:
Այնտեղ ի՞նչ հավատ,
Անգամ մատներդ զոռով են մտնում...

Բայց քո հավատը եթե նույնիսկ քեզ
Չի հերիքելու,
Իզուր ցույց չտաս, հետո թաքցնես:

Ստուգեցի՞ր, ունե՞ս,
Մոտդ հավատ կա՞...
Թե տանն ես թողել,
Հիմա էլ ուշ է ու տունն էլ հեռու
Ու որ գնացիր, չես հասցնի գաս…

Խնդրում եմ դու ինձ մի ծիծաղեցրու,
Ու դու էլ ինձ հետ տարվիր ծիծաղով:
Նման պատճառներ ես չեմ ընդունում,
Ու մի էլ ասա ինձ` այո կամ ոչ,
Այլ տուր կամ մի տուր…
Թե չէ խոսելուց նույնպես հոգնել եմ.
Ես խոսում եմ, լսում են ինձ,
Անգամ կարծում են, թե ինձ հասկացան,
Բայց հենց փորձում եմ գոնե մոտենալ,
Որ տեսնեմ արդյո՞ք ինձ ճիշտ են լսել,
Իսկույն փախչում են…
Բա ես, էլ ո՞նց հավատի սպասեմ…

Ստուգիր տեսնենք նորություն կա՞ գալիքից,
Թե չէ անցյալս կյանքս կերել է,
Ներկաս ձանձրացրել ու զզվեցրել է,
Ես էլ հոգնեցի այսքան սպասելուց…

Էլ ինչի՞ն սպասեմ,
Երբ բացությունս կարծում են շպար է,
Զիջելս խեղճության հետ են շփոթում,
Երբ ամաչելս ընդունում որպես ձևականություն,
Համառությանս աներեսության տիտղոս են տալիս,
Ուժս համարում մեծամտություն…
Ու դեռ մի բան էլ ես եմ մեղավոր,
Որ հանդուրժում եմ նրանց սխալը:

Հաճախ ծնկով են սեղմում կոկորդս,
Որ ձայն չհանեմ, չխոսեմ, լռեմ…
Բայց չեն նկատում, որ ծնկի իջած
Ստվերիս վրա, ոչ թե ինձ խեղդում,
Այլ ծունկ են մաշում…

Դե ո՞նց համբերեմ, դե ոն՞ց հավատամ,
Ո՞նց սիրեմ նրանց, կամ էլ ո՞նց ատեմ…
Սիրուց ցած ի՞նչ կա,
Որ նույն ժամանակ վեր լինի նաև ատելությունից,
Խղճմտա՞նք…
Այսինքն խղճա՞մ…
Ախր իմ հենց այս մտքերիս համար
Անիրավները հենց ինձ են խղճում,
Բա ես ի՞նչ անեմ,
Որ պատով տամ ինձ…
Ու՞մից ինչ սպասեմ…

Հավատ էլ չունեմ,
Գոնե դու օգնիր, ոչ թե մոռանամ`
Որ չունեմ հավատ
Այլ գոնե չզգամ դրա պակասը,
Քանի ինձ հետ ես...


Ստուգիր տեսնենք նորություն կա՞ գալիքից,
Թե չԷ անցյալս կյանքս կերել է,
Ներկաս ձանձրացրել ու զզվեցրել է,
Ես էլ հոգնեցի այսքան սպասելուց…

22 окт. 2008 г.

Որոնում

Մենք դիմացինին սիրում ենք ոչ այնքան նրա ով լինելու համար, այլ նրա համար, թե այդ դիմացինը որքանով է թույլ տալիս, որ իր մեջ գտնենք մեր հորինածին:
Մենք սիրում են մեր հորինածին, բայց միշտ չէ, որ ճիշտ ենք հորինում մեր ուզածը: Մենք հաճախ ենք հանդիպում նրան, բայց չենք ճանաչում, որովհետև մեզ բնորոշ է անընդհատ որոնումը: Այդ փնտրտուքը սկսում ենք ակամա ու չենք ավարտում այնքան ժամանակ, մինչև հենց ինքը` որոնյալը, մեզ հուշում է, որ գտնվեց…
Այդ որոնումը գլխավորում ենք ոչ թե մենք, այլ հենց մեր Ես-ը` անկախ մեր կամքից:
Մեր միջի սեփական ԵՍ-ը անկախ մեզնից դուրս է գալիս մեր միջից ու գնում է որոնելու: Գնում է այնտեղ, որտեղ չենք ուզի գնա, լինում է այնտեղ, որտեղ չենք էլ պատկերացրել... Որոնում է անընդհատ ու հենց մեզ համար: Չի կարելի նրան խանգարել, ուղղորդել:
Քիչ է մնում այնտեղ, որտեղից ուզում ենք չհեռանա, շատ է լինում այնտեղ, որտեղ չէինք ուզի լինել: Որոնում է... ու երբ գտնում է նրան, գնում տեղավորվում է նրա մեջ, որ երբ բախտներս բերի պատահենք, ապա նրա աչքերում տեսնենք մեր ԵՍ-ին ու ճանաչենք... Ու որպես կանոն, երբ տեսնում ենք, մի վախի նման զգացողություն ենք ունենում, չենք ուզում հավատալ... վիճում ենք ինքներս մեզ հետ...
Ու երբ չենք հավատում ու համակերպվում ԵՍ-ի ընտրությանը, ապա նա մեզ պատժում է` երկար ժամանակ դադարեցնելով որոնումները… Մենք չենք կարող ուղղորդել նրան` ԵՍ-ին. Որտեղ ուզի, ինչքան ուզի կլինի...
Դիմացինը մեզ սիրում է ոչ այնքան մեր ով լինելու համար, այլ նրա համար, թե որքանով ենք մենք դիմացինին թույլ տալիս, որ մեր մեջ գտնի իր հորինածին...

Դեռ խոսելուս համար

Դեռ խոսելուս համար
Չունեմ քննադատվածություն…
Ինձ պիտի պատժեին հենց խոսելուս համար
Լռեցնելով
Այնինչ` խոսելով եմ ինձ արդարացնում…
Բայց դե շուրջս, ահա տեսեք`
Քսու,
Ճղճիմ,
Ճռռան
Գորշ բառերի հանրահավաք,
Որ շղթայված իրարու
Դեպի կախաղան են շտապում…
Սակայն վերջին խոսքի համար,
Մի կյանք տևող
Տարածություն են դեռ շռայլում…
Անհույզ,
Անկիրք,
Տկլոր
Պոռնիկների բարաք,
Ուր բառերը միայն
Տնքոցներով են չափում,
Խորությունն էլ իմաստների
Հոգոցներով լցնում…
Բարբառում են ասես գոյությունը իրենց,
Որ կարող էր չլինելով նաև
Արդարացնել իրեն…

Դեռ խոսելուս համար
Չունեմ քննադատվածություն…
Ինձ պիտի գնդկահարեին երևի,
Որ մեռնելիս նույն լռությամբ եմ մեռնում,
Ինչ լռությամբ մինչև հիմա
Այգալույսն է բացվում…
Այնինչ ամեն անգամ
Դեռ ծնվելով եմ գոյությունս արդարացնում…
Բայց կողքերս, ահա նորից`
Հիվանդ,
Հեգնոտ,
Ու ջղաձիգ
Չար տողերի իրարանցում,
Որոնց անքրտինք ճակատից
Բթություն է ծորում…
Ճզմած,
Անեռ,
Անսեռ
Տողադարձեր մտքի,
Մտքի խոտան,
Իզուր վանկարկումներ էժան կրքի
Ճանկռում են ներսից
Հեգնոտ, ծաղրող հոգիս…
Լղոզվում են մտքիս մաշկին,
Քերթում սրտոտ կաշիս
Սին մտքերը դարիս:
Ու դեռ ո՞նց պիտի
Ես հավատամ մերձավորիս…

Դեռ գրելուս համար
Չունեմ քննադատվածություն…
Ինձ մեկնել են արդեն գայիսոնը փառքի`
Խարազանի նման
Ու մահակի նման փշոտ,
Ու թվում էր պիտի ես մեռնեի՞,
Թե՞ լռեի հանկարծ
Կսմթոցից էժան,
Այնինչ` խարազանից արդեն
Թրծվել եմ այնքան,
Որ ձեր բզզոցը միայն
Գլխացավ է ծնում…

Նկատվում են, ահա`
Ճաղատ,
Ճարպոտ,
Անհեռատես գլուխների
Կույտեր ձգված` շարան-շարան,
Մի գլուխ վեր ամբոխից,
Շնորհիվ ճարպիկ ոտնաթաթի…
Ցեխոտ
Ու գարշահոտ,
Լպրծուն
Ու կնճռոտ
Ճանկեր պարզած
Կոկորդիս ահա,
Սակայն ձայնս
Կոկորդից չի հնչում,
Ձեր գլխում է հնչում արձագանքս…
Մի քանի տող որպես
Լեշի կտոր,
Նետեմ հիմա,
Որ բզկտեք
Շան պես
Հանգստանաք…
Ու հոգեխում
Անկուշտ
Ժանիքները
Սրած
Սրտիս միջից հանեք
Ու հեռանաք…

Այնինչ դեռ խոսելու համար
Ես դեռ չունեմ քննադատվածություն…

Ես ինձ չեմ ների լռությանս համար,
Հոգիս ինձ չի ների հավերժ
Փակվածության դիմաց...
Ընծաներս լկտի,
Որ կնետեմ ես ձեր
Գարշանքին ծարավ
Երախներին արտասովոր,
Ու չեմ ների ես ձեզ,
Որ հագենաք անգամ
Սիրտս բզկտելով…

Թե չէ, որ լռեմ
Ո՞վ կհավատա,
Որ մինչ հիմա
Հավատամեռ
Ապրել այսպես
Սպասել եմ այսքան,
Սիրտս սեր է մղել,
Թոքերս շնչել են հույզ,
Կողերս կիրք են զսպել,
Աչքերս բաց եմ քնել,
Որ երբ հյուր գա
Թշնամիս էլ անգամ,
Ես բաց սրտով
Ու աչքաբաց դիմավորեմ…

Ո՞վ ինձ կհավատա, ո՞վ,
Երբ հենց հիմիկվանից,
Ես ինձ այս քնձռոտ
Խարդավանքին խառնեմ…

Ես դեռ խոսելու համար
Չունեմ քննադատվածություն…
Իբր պիտի գոնե մեկը ու մեկ անգամ
Հայց տաներ ի դեմ մեղավորիս
Խելառների ապաստարան…
Ու կռնչար իմ դեմ
Ու հոխորտար երկար,
Ու հորջորջար մտքեր
Ու գլխից դուրս բառեր
Նա հորիներ անգամ,
Մեղքեր կապեր վզիս,
Կրկնելուս համար,
Որ կյանքում հոգի է
Պետք մարդուն
Մարդ լինելու համար,
Հետո նոր գլուխ`
Լի կամ դատարկ…
Այնինչ սահմռկում են դեռ
Շատ բերաններ այնքան,
Որ կռինչը հանկարծ
Վնգստոց չդառնա
Նույն բերաններում
Դառնաթուրմ ու ճահճահամ…

Տաղանդ,
Հանճար,
Շնորհալի…
Հիմա չկա՞ն նման բաներ…
Քսու,
Սմքած,
Գորշ,
Հնոտի,
Հիվանդ,
Հեգնոտ,
Ճղճիմ,
Ճռռան,
Ցից բառերի կառափնարա՞ն…

Սա՞ է վերջը,
Թե՞ սկիզբն է սա …

Ինձ մի կառչեք.
Մի ճանկռեք.
Ձեզ կմաշեք,
Թողե~ք,
Թողե~ք
Հեռու մնամ…

Այնինչ ես դեռ խոսելուս համար
Չունեմ քննադատվածություն…

21 окт. 2008 г.

Սիրո ներգաղթ եմ հայտարարում

Ժանեկագործ,
Աստղածածան
Իմ հույզերը վարար
Դեռ նեկտարի նման
Օշարակ են թորում…
Թմրում են ցավերս կարոտի,
Երբ ջերմածին ձգտումներս
Ընդդեմ մերժումի
Ու հանուն սիրո
Շիկանում են դարձյալ
Երազաթև,
Հեքիաթահար
Իմ հույզերից վարար…

Մենակ եմ,
Դառնաղավաղ
Անհավատ,
Ահույս
Ու կարոտահար
Սպասումից կիսակորսված…

Մեղրոտ մատներս
Էլ ու՞մ շուրթերին պիտի հպեմ,
Եվ կրծքոտ կրծքիս
Ո՞վ կհենի գլուխ,
Ու՞մ վարսերը պիտի տարփեն
Բռովս մեկ…
Եվ ու՞մ շուրթերը պիտի
Նորից սերս հեգեն…
Էլ ո՞նց պիտի
Ափով անունս տան
Ծափ տան շրթիս շրթով,
Ու թևերս որպես ճոպան
Կոնքեր բարուր անեն…
Էլ ո՞վ պիտի ինձ հանդուրժի
Որ մատներս նորից
Դաշնակահար դառնան
Ողնաշարի վրա`
Ակորդները նրա
Մեկիկ, մեկիկ
Հնչեցնելով:
Էլ ո՞վ ինձ կվստահի
Ճերմակահաս պարանոցին
Շրթակնիք դաջեմ,
Միրգ-այտերը կճպեմ շրթունքներով…
Էլ ո՞վ պիտի թարթի
Իմ կոպերը անթարթ
Սեփական երազներով,
Թարթիչներով մաքրի
Այտերիս փոշին կարոտամեռ,
Ու ճակատով քունքիս զոդի
Քնահարամ հրճվանքս գիշերագես…
Էլ ու՞մ այտափոսերը պիտի
Բերնեբերան լցնեմ համբույրներիս
Եռման ջերմաստճանով,
Ու ժպտալուց` շրթանկյունի
Սրությունը չափեմ
Շրթունքներիս թացությունով:
Ախ, ո՞վ պիտի թույլ տա նորից
Լույս աչքերը մթնեմ
Իմ անկշտում զույգ ափերով,
Հարություն տամ իմ մեղքերին
Ու հյուր գնամ դեպի դրախտ
Պարանոցի արահետով…
Լույսեր հեղեմ բոց ճակատին,
Փաղաքշանքներ ցանեմ մարմնով մեկ,
Թևաբախում զգամ սպիոտ մեջքիս,
Ձեռքեր-աղավնիներ հպումներից...
Ո՞նց պիտի ես դաստակներիս
Դողը կարճեմ ինչ-որ մեկի
Գիրգ կոնքերի ձգողությամբ,
Համբյուրներս փակագծեմ
Համբյուրների կայտառությամբ:
Ու չակերտեմ քնքշությունս
Նշաններով դունչ-ճակատի…
Ու ծնկներս էլ ո՞նց պեղեն
Ինչ-որ մեկի ազդրերը,
Ո՞նց հոտոտեն լանջը նրա
Ջերմ ափերիս գորովները:
Էլ ու՞մ ուսին թուխս նստեցնեմ
Ես ձեռքերիս տենչանքները,
Ու ակոսեմ դնչով ի ցած
Թուլությունս համբուրելու…
Ու՞մ արցունքները կաթոտ
Պիտի ծորան իմ այտերով`
Ինձ ստիպելով զղջալ
Չարածներիս համար…

Ո՞նց արարեմ` մենակ եմ…
Սակայն
Շնչակտուր,
Սիրակոտոր
Հոգուս թևի վրա
Կարոտները նախշ են հյուսում…

Ու՞ր է կանչիս զիլ շեփորը…
Սիրո ներգաղթ եմ հայտարարում…

Գնալով ակամայից...

Գնալով սկսում եմ ակամայից
Զգացմունքներս շարել
Բուրգանման.
Իսկ բուրգերը աշխարհի
Ամենասեյսմոկայուն
Շինություններն են մնում
Առ հիմա:
Գնալով բարակում են
Զգացմունքներս
Բուրգերի նման`
Սրվելով սակայն ակամայից …

Ախր նոր եկա

Ախր նոր եկա,
Նոր եմ սկսում քեզ համար բացել
Ծոցատետրիս առաջին էջը…
Եթե ուզում ես գոնե մի քանի
Քայլ անել ինձ հետ`
Ուրիշ ճար չունես, պետք է դիմանաս…
Իսկ եթե թույլ ես,
Չեմ ուզի իզուր քեզնով էլ շատացնել
Չդիմացողների անպետք բանակը…
Նրանց քանակից մեղքս ծանրանում,
Ավելանում է պարտքս ու հոգսս խնամակալի…
Իսկ իմ անխնամ կարոտի համար
Ով պիտի հոգա…
Չէ',
Եթե թույլ ես, ապա մոտ չգաս.
Երկու թույլ մեկտեղ վտանգավոր են
Ու անապահով…

Այս հարցերը կարելի էր և չտալ

Կարելի՞ է խոսել...
Անտեղի էր հարցս,
Որովհետև հարցս
Արդեն խոսակցություն է...

Կարելի՞ է նայել աչքերիդ
Անթարթ ու ինքնամոռաց,
Անկուշտ ու ագահ հայացքով`
Չքողարկելով ցանկություններս...
Հարցիս ամենալավ պատասխանը
Կլինի այն,
Որ դու ինքդ նույնկերպ
Կնայես աչքերիս…

Կարելի՞ է ձեռքդ բռնել…
Առանց դրա
Խոսքս կթվա
Դիետիկ հույզերի անօգուտ սննդակարգ
Ու դու չես զգա չասածներս,
Ինչպես միևնույնն է` սկզբում
Չես զգալու, թե ինչպես,
Իբր ակամա ձեռքդ բռնեցի...

Կարելի՞ է քեզ կարոտել...
Որ թույլ տվեցիր,
Քեզ կկարոտեմ այնքան ուժգին,
Որքան իմ զսպումների հանրագումարն է,
Իսկ եթե ոչ`
Ստիպված ես ինձ պատժել
Քո տենչանքների անզսպությամբ,
Որովհետև ես անպայման
Կարոտելու եմ...

Կարելի՞ է քեզ համբուրել...
Ինչու՞ եմ հարցնում,
Որովհետև, որ առիթ ստեղծեցի,
Առանց հարցնելու,
Սկսելու եմ հենց համբուրելուց...

Կարելի՞ է քեզ մոռանալ, եթե պետք լինի...
Իզուր հարցրեցի.
Որ թույլ էլ տվեցիր`
Չեմ կարողանա...

Կարելի՞ է պարզապես անունդ տալ
Ու պատճառներ չփնտրել
Դա անելու համար...
Քո անունը իմ լեզվի
Հատընտիրն է

Ու շուրթերիս
Գարնանատառ տարազը…

Կարելի՞ է արթնանալ
Թարթիչներիդ տված խուտուտը
Այտերիս վրա զգալուց
Եվ հասկանալ,
Որ կրծքիս համար ամենալավ
Վերմակը
Մազերդ են...
Այնուհետև կհյուրասիրեմ սիրաբլիթներով:
Գուցե լեզուդ մի քիչ այրվի,
Բայց կկշտանաս…

Կարելի՞ է քեզ ոչինչ չհարցնել...
Հարցնելու վրա ծախսած ժամանակս
Կօգտագործեմ առավել արդյունավետ
Ու շնչառությունս ավելի երկար
Կդիմանա կրքերի
Քաղցր ու թանձր հեղձուկին...

Կարելի՞ է չպատասխանել
Այն չտրված հարցիդ,
Թե քեզ սիրու՞մ եմ…
Այս հարցի պատասխանը
Ամենաաննկարագրելին ու անավարտը կլինի…

Կարելի՞ է չկրկնել
Այս ամենը
Հաջորդ անգամ...

Իսկ հիմա կարծում եմ
Իրավունք ունեմ լռելու...

Հարցեր չտա'ս...

Դե եկ գնանք

Եկ վերցնենք մի սրտապարկ,
Մեջը լցնենք
Մի զույգ համբույր,
Մի ումպ ծիծաղ,
Մի բուռ ժպիտ,
Մի փունջ հավատ,
Մի պտղունց հույս,
Համբերության թոկով կապենք
Սրտապարկի բերանը պինդ,
Գրպաններս լցնենք խինդով
Ու ցնծությամբ,
Արշալույսի գլխաշորը
Գցեմ գլխիդ,
Մայրամուտի հորիզոնը
Որպես գոտի վրաս կապեմ
Ու միասին
Ճամփա ընկնենք
Մինչև ես քեզ,
Մինչև դու ինձ…
Դե եկ գնանք,
Դե ձեռքդ տուր…

Շատ միամիտ

Մի գիշեր շատ միամիտ
Քնել էի երազիս վրա,
Տանջել էի նրան ամբողջ գիշեր
Իմ անհանգիստ քնում շուռ ու մուռ գալով...
Երբ արթնացա` լվացվելիս,
Հայելու մեջ տեսա
Երազի հետքը աչքերիս մեջ դաջված...
Ու մարդիկ այս դեպքից հետո,
Շատ երկար են նայում աչքերիս`
Երազ են տեսնում ակամա...

Բանաստեղծություն

Բանաստեղծ լինելը
ի ծնե աղջիկ
կամ տղա լինելու
նման մի բան է...