Сообщения Գառնիկ Սարգսյան: декабря 2008
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

8 дек. 2008 г.

Սիրտս բացել եմ

Սիրտս բացել եմ,
Գալիս ե՞ս, դե ե’կ,
Կուզե՞ս քո գալու ճանապարհներին
Մաշված ափերս որպես ուղեգորգ
Փռեմ ոտքիդ տակ,
Մատներս սանդուղք սարքեմ քեզ համար,
Աչքերս` լապտեր,
Բերանս` զանգակ,
Որ չմոլորվես,
Որ չվախենաս ճանապարհների ավերակներից…

Սիրտս բացել եմ ահա քո առաջ,
Եվ որպես սրտիս մի նոր բնակիչ
Դու մտիր այնտեղ,
Ոչ որպես կրկին մի իջևանող,
Ով ներս է մտել իր ցրտահարված
Սիրտը տաքացնի, նորից հեռանա…

Դու այնտեղ մտիր տանտիրոջ նման…

Սիրտս բացել եմ…
Ոչ թե երդիկից,
Հենց դռնից մտիր,
Ներս արի, նստիր:
Ծունկս քեզ աթոռ,
Կուրծքս` հենարան,
Հոգիս` թթվածին…

Դե հիմա, պատմիր,
Տեսնեմ շաղ տված մարգարիտներս
Ճանապարհների ցեխից ու կեղտից
Շա՞տ են խունացել…
Որ էլ շաղ չտա՞մ,
Եթե ուզում ես ամուր բռնվիր մարգարտաշարից,
Որ չխճճվես ավերակներիս լաբիրինթոսում,
Ու … Գալդ Բարի

Սիրտս բացել եմ…
Գալի՞ս ես, դե ե’կ…

Մոտ եկ

Մոտ ե՛կ,
Մի՛ հապաղիր
Եվ ուշադիր հապա նայիր,
Թե աչքերս ո~նց են կրքեր շատրվանում,
Ցիրուցանվում առ հայտնություն
Դեպի կարոտներիդ ոստանը ջերմ…
Ու ցայտում են հույզեր վարար,
Որոնք պիտի ձգվեն հետո
Քո աչքերի միմյանց հատվող առանցքներով...

Մոտ եկ, հապա,
Ահա, նայիր,
Թե ժպիտս ո~նց է այսպես գծագրում
Քո ժպիտի երկվորյակը,
Ո~նց է ծաղկում իմ շուրթերին
Քո ժպիտի նմանությամբ,
Ու ամբարուվում որպես
Շքեղ մի հանդերձանք,
Որը պիտի պատվով կրեմ
Համբուրվելու ծեսից առաջ...

Հապա մոտ ե՛կ,
Ի~նքդ նայի՛ր,
Տե՛ս, ափերս քո ափերի հետքն են փնտրում,
Քո ափերի, որտեղ պիտի
Իմ շուրթերը քուջուջ անեն
Հետո կռթնեն դաստակդ ի ցած,
Զարկերակդ հոտոտելով...

Հապա նայի՛ր,
Չե՞ս նկատում,
Ձեռքերս` դատարկ,
Շուրթերս` պարապ,
Ժպիտս` անձև...
Մոտենա՞մ...

2 дек. 2008 г.

Աշնանային բեկորներ

1.

Անձրևը ճոճում է մեր տրամադրությունը՝
Այն բարուրելով իր ցանցաձև ափերով,
Հետո՝ երբ կարծում է թե նիրհել ենք՝
Շնչելով իր բույրն թախծաբեկոր,
Շոյում է մեր համբերությունը,
Որ չզգանք ոչինչ...
Իսկ երկինքը չի զլանում երբեմն
Ու փռշտում է,
Որ հաստատի անձրևի ճիշտ լինելը:
Ու մենք դրան կոչում մենք որոտ...

2.

Անձրևը իր իշխանությունն է թելադրում բնությանը՝
Իր տիրելու մարմաջն է հաղորդում հողագնդին...
Անցնում էր նաև աշնան հախճապակե արահետով
Անձրեվային մի նոր աստվածուհի՝
Իրեն, որպես տիտղոս շնորհելով մարդկային հրճվանքով...

3.

Մինչ աշնան քամին մոլորակի ականջին
Իր կենսագրությունն էր փսփսում՝
Մեկն էլ փորագրում էր երկնքի դեմքին
Գիշերների դարպասների հասցեն...
Հետո հոգնածության նախանշանները սկսեցին ի հայտ գալ
Նաև ամենանեղ անկյուններում.
Մեկ է ամեն ինչ նույնն էր մնալու,
Ի՞նչ պիտի փոխվեր...

4.

Ու պատմում էր մեկը գաղտագողի
Այն գիշերվա մասին,
Որ քամին ու անձրևը շատ են սիրել իրար`
Քողարկվելով գիշերվա տակ,
Աստղահյուս այն սավանով,
Որի ծոպերը հորիզոնի
Անվերջությունն են գծագրել...

5.

Հետո, քանի որ աշուն էր նաև առավոտյան,
Նկատեցի ինչպես նույն թռչունի անթարթ աչքերի մեջ,
Աշունը չեր ուշացել ու այնտեղ էր նաև նա թփրտում...
Դրանից բացի, աշուն էր լցված պռնկեպռունկ
Փողոցների ու ծառերի ափերի մեջ...
...Կան թռչուններ, որոնք
Հակառակ են չվում` տաք տեղերից սառը միջավայրեր...
Ես դա տեսա հիմա, որովհետև
Ներսում էլ է աշուն...
Հետո հիշեցի բաներ, որոնք դեռ չեն եղել...

...Էլի ուրիշ բեկորներ...

Չէ, չեմ հեգնում… շոշափում եմ լռությունդ

Ես պարապ-սարապ նայում եմ քեզ…
Դու չգիտես որտեղ թաքցնես հայացքիդ
Իրական արտահայտությունը,
Որ կեղծը հագիդ լավ լինի,
Բայց ես արդեն որսացել եմ
Եղած-չեղածդ,
Որի մեղավոր լռությունը չեմ կարդում,
Բայց ցույց եմ տալիս,
Թե անգիր գիտեմ,
Որովհետև ինձ այդպես էլ չլքեց
Մարդկանց դրության մեջ մտնելու հատկությունս…
Դու էլի չես հասկանում ժեստս,
Որ գնահատես այն,
Բայց չես զլանում դարձյալ բողոքել,
Որ ե՛ս քեզ չեմ հասկանում:
Գնալով անտանելի չի դառնում քո այս
Թոքաբորբ լռությունը,
Որովհետև
Դու արդեն մի բուռ աղմկաբեր
Հաբ ես կուլ տվել,
Որը չի օգնում…
Երևի անգամ
Ուզում ես ապտակել,
Բայց դու դա չես անի,
Որովհետև դեռ կարծում ես,
Որ ապտակելուց
Այտերիս ձոնված
Քո համբյուրները կթափվեն
Ու կկոտրվեն.
Էլի քո մասին ես մտածում:
Երևի մինչ այս ամենը ենթադրել ես,
Որ պարապ-սարապ լռությունը
Կփոխարինվեր նույնքան
Պարապ գրկսեղմումով`
Թեև ոչ պաշտոնական,
Բայց գոնե ձևական:
Ու դու ստիպված չէիր լինի
Համտեսել ամենօրյա հնությամբ լռություն:
Ու մենք կբաժանվեինք ընդհամենը
Մտածված հոգոցներ փսխելով…
Էլի քո մասին ես մտածել:
Իսկ գիտես, թե ես ի՞նչ եմ մտածել:
Ես մտածում էի, որ դու չէիր գա,
Որովհետև չէիր վախենա
Անդառնալի կորող սնափառությանդ համար…
Դե՞, ինչու՞ ես լալիս:
Էլի՞ քո մասին ես մտածում…

Վերնագիր պետք չէ

Խլացել ե՛ս,
այդ պատճառով,
համրի լեզվով եմ
դիմում քեզ
ու ավելի շատ
զբաղվում եմ,
քան թե խոսում,
ու ընթացքում`
սկզբից
մինչ վերջ,
քմծիծաղում

Ծայրաստիճան հեռու քո գոյությունը
Մեջքով հպվում է
Անսաղավարտ մեջքիս
(Ես փոքրուց եմ մեջքով զգալը հասկացել,
Բայց քեզ նման մեջքով խոնարհվել
Չե՛մ կարողանա…)
Ու պատսպարում է ինձ անցանկալի
Ու կոշտ
Մոտիկ քամիներից…
Ու զգում եմ ես քո գոյությունը թիկունքից:
Քո կարիքը չեմ զգում արդեն,
Բայց քո` միշտ ուշացող
Հանդիմանանքը, տեսնում եմ`
Թիկունքիս ուղղված
Առ այն,
Որ հեռանալուցդ առաջ
Մեկ անգամ ևս չպնդեցի, որ մնաս…

Հա՛, ես զգալուց բացի հասկանում եմ նաև
Քո խորություններում
Թավալգլոր եղող
Կենտ հպումի ցանկությունդ`
Անկախ` իմ պատճառով դարձյալ քեզ չլքող
Քո վնասակար հպարտությունից,
Կախված` իմ չնվազող ցանկություններից`
Տեղավորված որտեղ պատահի,
Բայց ժամանակավոր…

Ու չեմ կարող շրջվել,
Որովհետև ծայրաստիճան հեռու է
Քո՛ գոյությունը…
(Իսկ ձե’ռքս ինչու՞ չես թողնում…)

Հենց խլությունդ անցնի,
Միգուցե երգեմ էլ քեզ համար…
Երևի չհասկացար, հը՞,
Ափսո~ս այսքան ժամանակս...

Մասնավոր դեպք

Դու կարող ես ինձ տրվել ամբողջ մարմնով: Գիտեմ:
Ու դրանով, հավատում եմ, դու կտրվես ամբողջովին,
Որովհետև դրանից այն կողմ դու գոյություն չունես…

Քո ամբողջությունը, երբ շոյի վերջացնի
Ընդամենը մարմնիս խստաճաշակ քիմքը,
Դու ինձ էլ պետք չես գա
Ոչ որպես կին,
Ոչ էլ որպես մարդ…

Ուրեմն ես քեզ
Ոչ թե մերժում եմ,
Այլ ուզում եմ դու քեզ
Մասնավոր առմամբ մի քիչ մարդ զգաս,
Մի քիչ էլ կին զգաս
Առանց մարմնի…

Զարմանալի տարբեր

Կան տարբեր կանայք: Այսինքն`
Մի քանիսը ըստ տեսակի
Եվ շատերը` ըստ էության,
Մնացածը` ըստ նշանակության
Եվ այլն...

Նրանց մի մասը` ոչ զգալի,
Շատ տարօրինակ սովորություն ունեն:
Եթե ամուսինները նրանց դավաճանեն,
Վրեժից դրդված կդավաճանեն նրանք նույնպես,
Բայց ծածուկ կպահեն վրեժխնդիր արարքն այդ` դրդված վախից:
Սա այսպես է իհարկե, եթե այդ կանայք ամուսնացած են:

Հենց այս կանանց տեսակին կամ դասին
Պատկանում են նաև նրանք,
Որոնք թույլ են տալիս իրենց փոխարեն ընտրեն ոմանք,
Հաշվի չառնելով անգամ, որ այդ մեկ առիթն ունեն ընտրելու,
Հետո բողոքում են իրենց բախտից ում պատահի
Կամ երբեմն քչերին,
Բայց հիմնականում անծանոթ` ըստ տրամադրության:

Ու կան ուրիշ շատ ավելի տարօրինակ կանայք:
Նրանք վաճառվում են շատ դժվար, շատ թանկ, ցմահ ու հմտորեն`
Գրեթե սիրո հանգույն:
Եվ ծառայում են գնորդին միշտ հավատարիմ:
Բայց սրանց մի մասին է միայն հաջողվում
Կարգին գործարք կնքել...

Կան նաև ներքուստ միամիտ,
Արտաքուստ անկեղծ
Եվ ըստ բնույթի շատ անփորձ կանայք:

Բացի նշյալները և չնշյալները,
Կան այնպիսինները նաև,
Որոնց կյանքում ամենաշատ բանը փոխում է հայելին:
Ու սրանց մեծ մասը դուրս են սիրո ռադիոծածկույթից:

Ու կան էլի, էլի ուրիշ կանայք`
Զարմանալի տարբեր ու բազմաթիվ,
Բայց ընդհանուր առմամբ և մասնավոր դեպքում
Միևնույնն են նրանք, քանզի,
Երբ կինն է խոսում կնոջ ներսում,
Ինքն իրեն է ստում անգամ...

Ու կան շատ ավելի ուրիշ կանայք բազմապիսի,
Բայց հիմնականում կանայք լինում են`
Ըստ տղամարդկանց վերաբերմունքի...

* * *
Ու կան տղամարդիկ, որոնք
Շատ տարբեր են լինում...

Ով ոնց կարող է

Ինչ-որ ուշացած քաղաքավարություն
Գլխապատառ եկել
Ու թմփթմփացնում է ուսիս,
Որ լռեմ…


* * *
Հաճախ կամ երբեմն
Ես էլ կյանքում ունենում եմ որոշակի կանգառներ,
Որտեղ շատերի պես
Ես էլ նույնպես հանդիպում եմ բազմաթիվ աղջիկների կամ կանանց.
Ով ոնց կարող է…
Հիմնականում` որպես միապաղաղ կանոն,
Նրանք պճնված են լինում
Շատ նորաձև կոկետության վերջին ճիչով:

Բնական է. նրանց մեջ կան տգեղները,
Որոնց մասին վարկած կա, որ
Երկար են մնում հավատարիմ…
Ու կան նաև սիրունները,
Սակայն հիմնականում հյուծված շպարման ջանքից:

Կան նաև այնպիսինները, որոնք
Կուսանում են պարբերաբար
Ամեն հարմար առիթով,
Չնայած, ի ծնե կույս չեն եղել...

Շա~տ շատերը կան` չթվարկեմ:
Չթվարկեմ նաև նրանց,
Որոնց շալակած գոռոզության պարկերը
Թվում է ուր որ է կպատռվեն լիությունից
Ու իրենք էլ ողնաշարային բարդ հիվանդություն կվաստակեն,
Բայց ի~նչ լավ է գոնե չեն պատկանում նրանք
Ողնաշարավորների դասին …
Չթվարկեմ, քանզի
Ավելի հեշտ է ակնարկել միայն նրանց,
Ովքեր ընդամենը` իբր հպարտության,
Թեթև պարկեր ունեն ձեռքին պահած…

Դժվարանում եմ հիշել ազնիվ կանանց,
Չնայած կանանց դեպքում
Հիշողությունս ինձ չի դավաճանել:
Սակայն առանց լարելու պատկերացումս
Մտաբերում եմ բոլոր նրանց, ովքեր
Իրենց ինչպիսին լինելու համար
Մեղադրում են տղամարդկանց:
Ու թերևս ճիշտ են մեծամասամբ…

Պատահում են նաև հիասթապված կանայք:
Դա պատճառ չէ բնավ,
Որ սկսեմ տածել յուրահատուկ հարգանք նրանց հանդեպ,
Բայց առիթ է, որ խնայեմ…

Ես երբեմն,
Իսկ հիմա ավելի հազվադեպ
Հավատում եմ բացառություններին,
Բայց միայն այն ժամանակ,
Երբ ընթանում եմ…

Հաճախ ինձ չեն հավատում
Ու երևի ոմանք էլ ատում են ինձ
Այս ամենի համար…
Սակայն հոգու խորքում,
Եթե խորություն կա,
Իսկ եթե ոչ`
Ով ոնց կարող է,
Սիրում են ինձ…

* * *
Այստեղ մեջ է ընկնում
Իմ զմրուխտե քմծիծաղը
Ու ես շրջվում եմ
Մեջքով դեպի կանգառները,
Դեմքով` անհայտ բացառությունը.
Ու կորչում եմ…